Մշակույթ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացված «Օտարականը» կինոնկարը պատմում է կիսավեր գյուղի մասին

3 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացված «Օտարականը» կինոնկարը պատմում է կիսավեր գյուղի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում բնակվող ռեժիսոր և գրող Փանոս Աբրահամյանի «Օտարականը» կինոնկարը այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Համահայկական համայնապատկեր» ազգային մրցույթում: Փանոս Աբրահամյանի ֆիլմերը ցուցադրվել են Լիբանանի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Արաբական Էմիրությունների փառատոններում և ֆորումներում:

«Այնճար գյուղը շատ մոտ է Սիրիային, և այնտեղ գրեթե չեն ապրում երիտասարդ մարդիկ, քանի որ պատերազմական գործողությունների պատճառով նրանց մեծ մասը գաղթել է: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ այդ գյուղը շուտով վերանալու է. հավանաբար դա պատճառ դարձավ, որ նկարահանեցի «Օտարական»-ը կինոնկարը, որի միջոցով հետագայում կհիշենք գյուղի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ ֆիլմում գեղարվեստորեն ներկայացրել է գյուղի ամենօրյա կյանքը, առկա խնդիրները, Սիրիայի պատերազմի հետևանքները, աղքատությունը, գյուղի նիստուկացը:

Այնճարը հայաբնակ ավան է Լիբանանում, որը Սիրիայի սահմանից ընդամենը մի քանի մղոն է հեռու: Էթնիկ-կրոնական այս փոքրամասնությունը 1930-ականների վերջին է Այնճարում հաստատվել` խուսափելով հնարավոր հալածանքներից, քանի որ առաջին աշխարհամարտի ընթացքում իրականացված Հայոց ցեղասպանությունից ճիշտ քսան տարի անց մեկ այլ պատերազմի նախօրեին հայերը կրկին թուրքական իշխանություններին թիրախն էին դարձել:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում