Մշակույթ

«Մուրատ» կինոնկարը ֆիլմ-ճամփորդություն է դեպի հերոսի ինքնության փակ և բաց էջերը

3 րոպեի ընթերցում

«Մուրատ» կինոնկարը ֆիլմ-ճամփորդություն է դեպի հերոսի ինքնության փակ և բաց էջերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում բնակվող հայ երիտասարդի կյանքի մասին պատմող «Մուրատ» կինոնկարը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում: Ֆիլմը ստեղծել են երիտասարդ ու խոստումնալից ռեժիսորներ Մարինե և Սոնա Քոչարյանները: Հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նրանք խոսեցին իրենց հերոսի ու ֆիլմի ստեղծման գաղափարի մասին:

«Մեր հերոսը Մուրատն է, երիտասարդ տղա, որն ապրում է Ստամբուլում: Նրա միջոցով մենք տեսնում ենք Ստամբուլը, որն այնքան էլ չի համապատասխանում մեր նախնական պատկերացումներին: Ֆիլմը մեզ համար հետաքրքիր ճանապարհորդություն էր, որի ընթացքում բազմաթիվ բացահայտումներ արեցինք: Մենք տեսնում ենք, թե ի՞նչ երազանքներ, ցանկություններ ունեն բնակիչներն ու Մուրատը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մարինե Քոչարյանը:

Սոնա Քոչարյանի խոսքով` ինքը և Մարինեն շատ հեշտ են համագործակցում ու չեն պատկերացնում աշխատանքն առանձին:

Կինոնկարը պատմում է հայ երիտասարդի ինքնության որոնման մասին: Երիտասարդի, ով ապրում է Ստամբուլի մի անկյունում: Քաղաքը որպես մշակութային խառնարան մշտապես սնում է Մուրատի կյանքը, իսկ նրա առօրյան երանգավորում են մարդիկ`նույնքան բազմազան, որքան քաղաքը, նաև թուրքական սուրճն ու թեյը, ձուկն ու ռաքին, քաղաքի եռուզեռն ու շոգենավի խաղաղ ընթացքը: Ստամբուլը Մուրատի համար պարզապես բնակության վայր չէ, այլ հայրենիք: Ինչպե՞ս են իրար վրա փոխազդում մարդն ու հասարակությունը, հիշողությունն ու ներկան, ազգայինն ու համամարդկայինը:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում