Մշակույթ

«Ջրագրություն» կինոնկարը արվեստասերներին ֆանտաստիկ աշխարհ կտեղափոխի

3 րոպեի ընթերցում

«Ջրագրություն» կինոնկարը արվեստասերներին ֆանտաստիկ աշխարհ կտեղափոխի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Գոռ Մարգարյանի կարճամետրաժ «Ջրագրություն» կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում: Այն խորհրդածություն է երազների, հուշերի, ինքնության և կորստի մասին: Կինոժապավենի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսորը:

Առաջին անգամը չէ, որ մասնակցում եմ այս փառատոնին. այն մարդիկ, ովքեր տեսել եմ նախորդ կինոնկարներս, կզգան նկարահանածս ֆիլմերի տարբերությունը:

«Նախկինում միայն վավերագրական ֆիլմեր էի նկարում, իսկ հիմա դա ինձ չի բավարարում: Ցանկանում եմ ստեղծել ժապավեններ, որոնք հարազատ կլինեն, կհուզեն ինձ ու, ամենակարևորը, հագեցած խաղարկային նոտաներով: Նշեմ, որ այս գաղափարով առաջնորդվելով`չեմ վախենում սայթաքումներից ու անհաջողություններից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ հղկվել է փառատոնի ընթացքում, մասնակցել վարպետության դասերի ու ծանոթացել կինոարվեստի հեղինակավոր ներկայացուցիչների հետ, որոնք միայն դրական ազդեցություն են թողել իր վրա:

«Ջրագրություն»-ը վավերագրական ֆիլմ է մարդու մասին: Գիտության և արվեստի միախառնումից նոր կինոիրականություն է ստեղծվում: Կինոժապավենը խորհրդածություն է երազների, հուշերի, ինքնության և կորստի շուրջ: Հեղինակը միայնակ նավարկության է ելնում. ընթացքում նրա հետ բնական և անբնական բաներ են կատարվում:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում