Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի ծրագրում ներառված «Բրավո, վիրտուոզ»-ը հետաքրքիր պատմություն է կլարնետահար Ալիկի մասին

3 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ի ծրագրում ներառված «Բրավո, վիրտուոզ»-ը հետաքրքիր պատմություն է կլարնետահար Ալիկի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում ներկայացված «Բրավո, վիրտուոզ» կինոնկարն անդրադառնում է հետխորհրդային շրջանի Հայաստանում գործող նվագախմբին, այն խնդիրներին, որոնց առաջ կանգնում են երաժիշտներն ու հատկապես նվագախմբի կլարնետահար Ալիկը:

Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսոր Լևոն Մինասյանը:

«Այն ֆրանսիական, բելգիական և հայկական համատեղ արտադրություն է: Կինոնկարը Հայաստանում ցուցադրվել է մեծ էկրաններին, իսկ Ֆրանսիայում` դեռ ոչ, սակայն թարգմանվում է ֆրանսերեն ու շուտով կհանձնվի նաև արտասահմանցիների դատին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ռեժիսորը:

Նրա խոսքով`մենք միշտ տիպիկ հայկական խնդիրներ ենք ներկայացնում ֆիլմերում, որոնք անհասկանալի են եվրոպացիներին: «Այս ֆիլմով փորձել ենք մեր իրականության միջոցով ավելի լայն խնդիրներ շոշափել: Հայաստանը ցանկացել եմ ներկայացնել այլ տեսանկյունից. ցույց տալ Եվրոպային, որ Երևանը գեղեցիկ է, ժամանակակից, իսկ մարդիկ տաղանդավոր, քանի որ արտասահմանում Հայաստանը զուգորդվում է աղքատության հետ»,- շեշտեց նա:

Անդրադառնալով ֆիլմում նկարահանված ռուս դերասանուհուն` նա ասաց, որ չնայած քասթինգ անցկացրել է Երևանում, չի կարողացել գտնել համապատասխան աղջկա, այդ իսկ պատճառով ընտրել է այլազգի դերասանուհու:

Կինոնկարը պատմում է 25-ամյա Ալիկի մասին, որին մեծացրել է պապը, ով հայտնի նվագախմբի դիրիժոր է հետխորհրդային շրջանի Հայաստանում: Որտեղ իշխանության ղեկին մաֆիայի հետ միավորված օլիգարխներն են: Ալիկը նվագախմբի վիրտուոզ կլարնետահարն է: Գլխավոր հովանավորի սպանությունից հետո նվագախմբի գոյությունը լրջորեն վտանգվում է: Մի գիշեր Ալիկի ձեռքում է հայտնվում մարդասպանի հանելուկային հեռախոսը, և նա որոշում է յուրացնել Վիրտուոզ մականվամբ հայտնի մարդասպանի ինքնությունն ու փորձում իրականացնել նրա պայմանագրերը: Բայց Ալիկը վիրտուոզ երաժիշտ է, ոչ թե մարդասպան:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում