Մշակույթ

Շառլ Ազնավուրի անվան հրապարակը համալրեցին  Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի աստղերը

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրի անվան հրապարակը համալրեցին  Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի աստղերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը նոր շունչ հաղորդեցին Շառլ Ազնավուրի անվան հրապարակին: Աստղերի բացման հանդիսավոր արարողութունը տեղի ունեցավ հուլիսի 9-ին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:

«Նրանց պայծառ երևակայությամբ ֆիլմերը, վառ կերպարները ևս մի քանի սերունդների հիշողության մեջ կմնան: Այդ ռեժիսորների կինոնկարների շնորհիվ կարողացանք ձևավորել այն սերունդը, որն ի վիճակի եղավ կառուցել ու շենացնել մեր անկախ հայրենիքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով` կինոն վերացական բան չէ, կինոն մարդիկ են: «Մեր մուտքը կինոարվեստ զուգադիպեց այդ մեծանուն աստղերի գործունեության տարիների հետ: Ուստի մենք դաստիարակվեցինք և մեր գեղարվեստական ճաշակը ձևավորեցինք նրանց ազդեցությամբ: Հենց այդ կինոռեժիսորները ստեղծեցին այն հայկական կինոարվեստը, որն այսօր մեր հպարտությունն է և մինչև օրս սիրված բոլոր սերունդների կողմից»,- եզրափակեց նա:

Աստղերի բացմանը ներկա էին Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի հարազատները:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում