Պաշտոնական

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը կարող է լինել Հարավային Կովկասում կայունության ապահովման ևս մեկ երաշխիք». Արմեն Աշոտյան

3 րոպեի ընթերցում

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը կարող է լինել Հարավային Կովկասում կայունության ապահովման ևս մեկ երաշխիք». Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 7-ին ընդունել է Շանհայի միջազգային հետազոտությունների ակադեմիայի պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի Վերլուծական խորհրդի ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարևորել է Շանհայի միջազգային հետազոտությունների ակադեմիայի հետ հանդիպումը ու նշել, որ այն կարող է հիմք հանդիսանալ Վերլուծական խորհրդի հետ հետագա համագործակցության համար: Շանհայի միջազգային ակադեմիայի պատվիրակության ներկայացուցիչները ևս ընդգծել են փոխգործակցության կարևորությունն ու հնարավորությունները, հույս հայտնել հետագա համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ:

Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, կարևորել Չինաստանի հետ ոլորտային համագործակցության ընդլայնումը և առկա ներուժի լիակատար իրացումը: Այս համատեքստում մեծապես կարևորվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգանախագիծը, այդ նախագծի նկատմամբ Հայաստանի հետաքրքրվածությունն ու դրա շրջանակում համագործակցության հնարավորությունները: Արմեն Աշոտյանը կարևորել է նախագծի դերը՝ որպես տարածաշրջանի տնտեսությունն ակտիվացնող գործոն, ինչը երաշխիք կարող է դառնալ տարածաշրջանային կայունության ապահովման համար:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի կայունության հարցին: Այս համատեքստում ընդգծվել է այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում ցանկացած տնտեսական ծրագիր շահեկան կարող է լինել միմիայն կայուն անվտանգության եւ հարատեւ խաղաղության պայմաններում: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանը մատնանշել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանի կայունության պահպանման գործում, միևնույն ժամանակ փաստել, որ կայունության ապահովումը միակողմանիորեն այնքան էլ հեշտ չէ:

Հանդիպման ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել նաև ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության ու եվրոպագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում