Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի ընթացքում բացօթյա կինոցուցադրություններ ու համերգներ կանցկացվեն

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ի ընթացքում բացօթյա կինոցուցադրություններ ու համերգներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում բաց երկնքի տակ կազմակերպված կինոդիտումներն ու ջազային մեկնաբանությամբ ներկայացվող հայտնի ֆիլմերի երաժշտությունը մեծ ոգևորություն կպատճառեն արվեստասերներին: Միջոցառումները կիրականացվեն հուլիսի 9-16-ը: Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Բացօթյա կինոցուցադրություններ աշխարհագրությունն ընդլայնվել է: Տարբեր ժանրերի ֆիլմեր կներկայացվեն «Կասկադ» համալիրում, Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի հարևանությամբ, «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, Սիրահարների այգում, Ազատության հրապարակում և Կարապի լճի տարածքում, որտեղ համր ֆիլմեր կցուցադրվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սուքիասյանը:

Նրա խոսքով` տարբեր ջազ խմբեր և կատարողներ ինքնատիպ մոտեցմամբ ու յուրովի մեկնաբանությամբ կինոերաժշտություն կներկայացնեն հանրությանը, իսկ երաժշտական բոհեմը կղեկավարի ջազմեն Լևոն Մալխասյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման արարողությունից հետո Երևանի քաղաքապետը կհանդիպի փառատոնի պատվավոր հյուրերի ու մասնակիցների հետ:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում