Արաբ երաժիշտները հայ կոմպոզիտորների գործեր հնչեցրեցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգին 9 արաբ և 1 հայ պատանի երաժիշտների կատարմամբ ներկայացվեցին հայ մեծանուն երգահաններ Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի և այլոց ստեղծագործությունները:

Միջոցառումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Համերգային ծրագիրը նվիրված էր «Թեքեյան» մշակութային միությունների հիմնադիր մարմնի 70-ամյակին:

«Շատ հետաքրքիր խորագիր է կրում ծրագիրը: Արաբ երգահանները ներկայացնելու են մեր մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները. սա խոսում է հայ և լիբանանցի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, փաստում, որ հայերը Լիբանանում այնքան են կայացել, հզորացել և այնքան մոտ են իրենց պատմությանը, ինքնությանը, արմատներին, որ ոչ միայն իրենք են սովորում ու կատարում հայ ստեղծագործողների գործերը, այլև դրանք ուսուցանում են արաբներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ հիանալի է, որ հայերը կարողանում են օտար երկրներում հանրահռչակել ու տարածել հայ մշակույթը:

«Թեքեյան» մշակութային միության Լիբանանի տեղական վարչության ատենապետ Վիգեն Ասիլյանն ասաց, որ նմանատիպ համերգ կազմակերպելու գաղափարն առաջացել է մեկ տարի առաջ և առաջին համերգը անցկացվել է Լիբանանում: «Տարբեր տարիքի 22 արաբ և լիբանանցի երեխաներ նվագեցին Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի և այլ հայ մեծերի գործեր: Այդ օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատվոգրեր հանձնեց երեխաներին. մենք ոգևորվեցինք և ցանկացանք այս ծրագիրը իրականացնել նաև Երևանում, բայց ավելի բարձր մակարդակով»,-շեշտեց ատենապետը:

Նա նշեց, որ համերգի նպատակը ոչ միայն Լիբանան և Հայաստան պետական հարաբերություններն ամրապնդելն է, այլև երկու երկրների ժողովուրդների միջև կապ ստեղծելը:

Ներկաները բարձր ծափահարություններով էին ողջունում կատարողներին, որոնք հուզմունքով և պատասխանատվությամբ էին ներկայացնում երաժշտական հայտնի ստեղծագործությունները:

Խմբի գեղարվեստական ղեկավար Ռիտա Աղդամլյանի խոսքով՝ առաջին տարին չէ, որ աշխատում է արաբ երեխաների հետ: «25 տարի դաշնամուրի դասեր եմ տալիս արաբ երեխաներին և սովորեցնում նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք նրանք շատ սիրում են ու հաճույքով կատարում: Ուսուցանման ընթացքում խնդիրներ չեն ծագում. անգամ պետք է խոստովանեմ, որ նրանք ավելի շատ են համակրում Կոմիտասի, Խաչատրյանի, քան Բախի և Բեթհովենի գործերը»,-ասաց նա:

Միջոցառումն անցկացվեց ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ:

Հայերեն العربية

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

Ղրղզստանի տարածքը պետական սահմանի ճշգրտումից հետո մեծացել է՝ հասնելով 20 միլիոն հեկտարի

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը