Պաշտոնական

Քաղաքական կոռուպցիան լրջորեն վնասում է միջազգային կազմակերպությունների հեղինակությանը. Արմեն Աշոտյան

3 րոպեի ընթերցում

Քաղաքական կոռուպցիան լրջորեն վնասում է միջազգային կազմակերպությունների հեղինակությանը. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է. «Հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն ամուր պատմական հիմք, ինչընախադրյալներ է ստեղծում հնարավոր ոլորտներում առավել արդյունավետ փոխգործակցության համար»:

Երկուստեք կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի փոխգործակցությունը:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային բազմակողմ համագործակցությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական հարթակներում համագործակցության մեխանիզմներին եւ ռազմավարություններին: Արմեն Աշոտյանն ընդգծել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում «մաքուր» աշխատանքի սկզբունքի պահպանման, ինչպես նաեւ վերպետական ձեւաչափերում կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունը: «Միջազգային խորհրդարանական հարթակներում կոռուպցիայի բացառման համար Հայաստանը հանձնառու է լիակատար համագործակցության՝ կառույցների օրակարգերը նման արատավոր երեւույթներից զերծ պահելու համար»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Բրյուսելի գագաթաժողովում ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված նոր համաձայնագրի ստորագրման եւ ազգային խորհրդարաններում դրա վավերացման կարեւորությանը:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերողհարցեր: Արմեն Աշոտյանը կարեւորել է միջազգային հանրության կողմից գործուն կանխարգելիչ քայլերի իրականացումըԱդրբեջանում պետական մակարդակով այլատյացության քարոզից մինչեւ սահմանային սադրանքներ նախաձեռնելու դեպքերի կապակցությամբ: «Առավել գործուն մեխանիզմներ են անհրաժեշտ՝ տնտեսական պատժամիջոցներից մինչեւ քաղաքական մեկուսացում այն պետության նկատմամբ, որն արկածախնդրության, պետական մակարդակով այլատյացության միջոցով անում է հնարավորը՝ տարածաշրջանի կայունությունը վտանգելու համար», - նշել է Արմեն Աշոտյանը:

Դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիեւան կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը եւ նշել, որ Բուլղարիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Դեսպանը կարեւորել է միջազգային հանրության հավասարակշիռ դիրքորոշումը հակամարտության լուծմանը նպաստելու հարցում:

Կողմերը քննարկել են նաեւ խորհրդարանական մակարդակում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում