Հասարակական

Երևանի դպրոցների օպտիմալացումը միտված է կրթության որակի բարձրացմանը. մարզերում նման ծրագիր չկա

2 րոպեի ընթերցում

Երևանի դպրոցների օպտիմալացումը միտված է կրթության որակի բարձրացմանը. մարզերում նման ծրագիր չկա

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քայլեր է ձեռնարկում Երևանի դպրոցներում կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով քաղաքի դպրոցների օպտիմալացման մասին քննարկումներին, նշեց, որ Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 30 տոկոսը ներկայում գերբեռնված է, իսկ շուրջ 30-33 տոկոսը՝ թերբեռնված: «Խոսքն ընդհանրապես հանրակրթության համակարգն ավելի լավ վիճակի բերելու մասին է: Քաղաքային դպրոցները լիարժեք կսկսեն աշխատել, եթե ունենան մոտավորապես 300 աշակերտ: Երևանի դպրոցների շուրջ 30 տոկոսը գերբեռնված է, իսկ 30-33 տոկոսը՝ թերբեռնված: Դրա համար մենք խոսում ենք քաղաքային դպրոցների մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Լևոն Մկրտչյանը հստակեցրեց, որ մարզերի դպրոցների վերաբերյալ նախարարությունը դեռ ծրագիր չունի: Նրա խոսքով՝ մարզերում խնդիրները մի փոքր այլ են, իսկ դրանց լուծում տալու համար խորքային քննարկումներ ու ուսումնասիրություններ են անհրաժեշտ: «Մենք խոսում ենք քաղաքային դպրոցներում կրթության որակը բարձրացնելու մասին, որովհետև այդտեղ ռեսուրսը տեսնում ենք: Իսկ մարզերում լուրջ խնդիրներ ունենք: 400 գյուղական դպրոց ունենք, որոնք 100-ից քիչ աշակերտ ունեն: Դեռ այս խնդիրը լուծելու ծրագիր չունենք մշակած, քննարկումների փուլում ենք: Գյուղական վայրերում ավտոմատ նման դպրոցները փակել կամ միավորելը ճիշտ չի լինի»,- ասաց Մկրտչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում