Պաշտոնական

Շարմազանովի պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի  խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահին

2 րոպեի ընթերցում

Շարմազանովի պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի  խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Պրահայում հունիսի 29-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու ուղղությամբ կատարած աշխատանքի, ինչպես նաեւ չեխ-հայկական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու համար Յան Բարտոշեկին հանձնել է ՀՀ ԱԺ պատվո մեդալ:

Հանձնելով պարգեւը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Տարիներ շարունակ Դուք պայքարել եւ պայքարում եք ահաբեկչությունների, ցեղասպանությունների ժխտման դեմ ու հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այսօր էլ մեր եղբայրներն Արցախում պայքարում են իրենց անկախ եւ ազատ ապրելու իրավունքի համար՝ կառուցելով ազատ Արցախ: Այցելեք Արցախ եւ կհամոզվեք, որ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական պետություն»:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը: Արժեւորելով Չեխիայի հետ բարեկամական կապերի կայուն զարգացումը` նա ընդգծել է, որ վերջին տարիներին դրական շարժ է նկատվում երկկողմ հարաբերություններում:

Պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների եւ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու գործընթացը, կատարված բարեփոխումները տարբեր ոլորտներում:

Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում