ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ գործադիրի ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իր և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը:«Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում: Անցած ընտրություններում ՀՀԿ-ն ստացավ անհրաժեշտ վստահության քվեն՝ իր աշխատանքը շարունակելու համար: Մեր ստացած մանդատը բավարար էր միայն ՀՀԿ-ի ուժերով կառավարություն ձևավորելու համար, սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՀՀ նախագահը:
Մայիսին ձևավորվել է մի կառավարություն, որը Սերժ Սարգսյանը համոզմամբ, ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները:«Այժմ մենք շարունակելու ենք միասնական և կուռ թիմով հետևողականորեն իրականացնել նախանշված ծրագրերը: Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում, օրենսդիրում, այնպես էլ ՏԻՄ-երում: Կառավարության ներկայիս կազմը վարչապետ Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Միևնույն ժամանակ ընդգծեմ, որ ես որպես ՀՀ նախագահ և ՀՀԿ ղեկավար, ինչպես նաև դուք բոլորդ, վստահ եմ, չունենք որևէ նախապաշարում, մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, ՏԻՄ-երում և անգամ նշված կառույցներից դուրս»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:
Սարգսյանը նշեց, որ նման համագործակցության համար իրենց միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը: Նա ավելացրեց, որ քննադատությունն իր նշած նորմերի խախտում չեն համարում, հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու իրավիճակը:
ՀՀ Նախագահի այցը կառավարություն պայմանավորված է Ազգային ժողովում գործադիրի ծրագրի հաստատմամբ: