Պաշտոնական

Արա Բաբլոյանը Սեուլում հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

3 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանը Սեուլում հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, Կորեա կատարած այցի շրջանակում հունիսի 26-ին Սեուլում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը կարեւորել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերությունները, որոնք երկու երկրների ԵԱՏՄ անդամակցության համատեքստում նոր փուլ են թեւակոխել: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր: Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանը կարեւորում է փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումները. խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությանը, որը հիմնված է փոխադարձ աջակցության եւ դաշնակցային համերաշխության վրա:

Արա Բաբլոյանն առաջարկել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել Երեւանում՝ ընդգծելով Եվրասիական տարածաշրջանի պետությունների միջեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարեւորությունը:

Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն:

Պարոն Վոլոդինն իր խոսքում անդրադարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ առկա համագործակցության բարձր մակարդակին՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում:

Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության ծավալների ավելացման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համագործակցել նոր ձեւաչափով: Վյաչեսլավ Վոլոդինը կարեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության սերտացումը բոլոր բնագավառներում:

Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են համագործակցության նոր ձեւաչափերի ներդրման անհրաժեշտությունը, դրանց զարգացման ուղիներն ու հեռանկարները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում