Պաշտոնական

Բելգիացի սենատորը  հանդիպել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Բելգիացի սենատորը  հանդիպել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է Բելգիացի սենատոր Յորիս Պոշետի այցը Արցախի Հանրապետություն: Հունիսի 22-ին ֆլամանդական խորհրդարանի պատգամավորին Շուշիում ընդունել է Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նա, ողջունելով հյուրին, նշել է, որ քաղաքական երկխոսությանը զուգահեռ առանցքային դերակատարում ունի նաև մշակութային երկխոսությունը: Կարևորելով եվրոպացի խորհրդարանականների հետ նման հանդիպումները՝ նախարարը փաստել է, որ այդ ձևաչափը ևս նպաստում է աշխարհում Արցախի ճանաչմանը և հավելել, որ նաեւ ճանաչողական այցերի արդյունքում է, որ եվրոպական հանրությանը հասանելի է դառնում Արցախի ժողովրդի խոսքը, ստեղծարար միտքն ու խաղաղարար ձգտումները: Նարինե Աղաբալյանը Յորիս Պոշետին ներկայացրել է Արցախի մշակութային կյանքը և փաստել, որ թեև արդեն 25 տարի է արցախցին ապրում է «խաղաղության» մեջ, այդուհանդերձ երբեք չի դադարում լինել ստեղծագործ, ավելին, շարունակում է ընդլայնել մշակութային կապերը տարբեր երկրների հետ: Նախարարն անդրադարձել է նաև մշակութային այն ծրագրերին, որոնք իրականացվում են հատկապես զինծառայողների համար: Ծրագրեր, որոնք բացի մշակութային դաստիարակությունից փոխանցում են նաև վեհ արժեքներ, որոնք, ցավոք, բացակայում են հակառակորդի դեպքում: Որպես ասվածի ապացույց՝ Յորիս Պոշետի հետ զրույցում Նարինե Աղաբալյանը ներկայացրել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի անմարդկային վայրագությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Բելգիացի սենատորն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելութան համար և ընդգծել, որ մինչ Արցախ այցելելն իր պատկերացումներն այլ էին, սակայն այսօր դրանք շեշտակի փոխվել են:

Տեղեկացնենք, որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական խորհրդարանի անդամ Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն կայացել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում