Պաշտոնական

Արա Բաբլոյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին  

3 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին  

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման գործում ունեցած դերակատարության համար եւ նշել, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Որպես նորընտիր Ազգային ժողովի նախագահ՝ ուզում եմ շեշտել, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը: ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ մենք հաստատակամ ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում»:

Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ շուտով կստորագրվի ԵՄ-Հայաստան հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եւ առկա հարաբերությունները կթեւակոխեն իրավական նոր հարթություն:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանների դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաեւ ընդգծել Եվրոպական միության կողմից Ազգային ժողովի հետ իրականացվող համատեղ ծրագրերի նշանակությունը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք:

Պյոտր Սվիտալսկին կարեւորել է խորհրդարանի դերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում եւ հույս հայտնել, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները կշարունակեն համագործակցել ԵՄ պատվիրակության հետ:

Դեսպանը նշել է, որ տարիներ շարունակ շփվելով հայ հասարակության հետ, նկատել է, որ հայերն ավելի եվրոպացի են, քան ԵՄ անդամ շատ երկրների ներկայացուցիչներ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման եւ հակակոռուպցիոն բնագավառներում իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպման ավարտին Պյոտր Սվիտալսկին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում