Հասարակական

Սերժ Սարգսյանի նախագահությամբ մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 26-րդ նիստը

2 րոպեի ընթերցում

 Սերժ Սարգսյանի նախագահությամբ մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 26-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 27-ին մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ նիստը, որը նախագահում էր ՀՀ Նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկը տրվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ:

Օրակարգը հաստատվելուց հետո ՀՀ Նախագահը շնորհավորեց բոլորին հիմնադրամի 25-րդ տարեդարձի առթիվ:

«Սա նշանակալի հոբելյան է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեքստում: Հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը: Բեղմնավոր եւ նպատակային գործունեության շնորհիվ Հիմնադրամը նաև շարունակում է վայելել մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը»,- ասաց Նախագահը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հետադարձ հայացք նետելով 25-ամյա ուղուն, նշեց, որ այսօր կարող ենք խոսել հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհների, հարյուրավոր դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների մասին, որոնք կառուցվել և կառուցվում են Հայաստանում և Արցախում:

«Այսօր ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել երկու թվերի վրա. 700.000 նվիրատու և 500.000 շահառու: Կարծում եմ, որ հենց այս երկու թվերը անցած 25-ամյա ուղու ամենախոշոր վկայությունն են: Ի վերջո, դպրոց, հիվանդանոց, կամ ճանապարհ կառուցելը ինքնանպատակ չէ: Մեր առաքելությունը մեր երկիրը մեր իսկ ջանքերով շենացնելն է»,- ասաց Վարդանյանը:

Նիստը ներկայումս շարունակվում է: Օրակարգում ընդգրկված են վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության ներկայացման, ինչպես նաև հիմնադրամի «Մարաթոն-2017»-ի նպատակաուղղվածության հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում