Հասարակական

Հայկական և ռուսական զորքերը համատեղ շքերթ անցկացրին Գյումրիում

3 րոպեի ընթերցում

Հայկական և ռուսական զորքերը համատեղ շքերթ անցկացրին Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքն, ինչպես միշտ, այս տարի ևս մայիսի 9-ին բազմամարդ էր: Մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, նախ հարգելով Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը, ծաղկեպսակ դրեցին «Անմար կրակ»-ի մոտ:

Անցած տարիների նման այս տարի եւս միջոցառմանը ներկա էին պատերազմի վետերանները: Տոնական միջոցառմանը շնորհավորելով բոլորին` Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ 72 տարի առաջ ձեռք բերած հաղթանակը փառահեղ էր, ինչի համար պետք է շնորհակալ լինել թե՛ նրանց, ում արյան գնով վաստակվել է հաղթանակը, թե՛ նրանց, ում շարքերն այսօր նոսրանում են:

«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ մայիս ամիսը դարձավ հաղթանակների, հերոսական սխրանքների, միասնության ու համախմբվածության խորհրդանիշ: Հաղթանակի տոնը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի, քանզի մենք նշում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի օրը, այլեւ մեկ այլ փառավոր տարեդարձ` Շուշիի ազատագրման 25 ամյակը: Իրենց պապերի եւ հայրերի արժանավոր ժառանգներն այսօր էլ շարունակում են հերոսական պայքարով, իրենց կյանքի գնով պաշտպանել մեր հայրենիքը: Մեր խոնարհումն ենք բերում Արցախյան հերոսամարտում եւ դրանից հետո նահատակված մեր քաջորդիների շիրիմների առջեւ: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանությանն ու ազատությանը: Հաղթանակի եւ խաղաղության 71-րդ եւ Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձների կապակցությամբ կրկին շնորհավորում եմ մեզ բոլորիս եւ, հատկապես, Մեծ Հայրենականի ու Արցախյան պատերազմի վետերաններին, մերօրյա հերոս զինվորներին` ցանկանալով քաջառողջություն, երջանկություն ու խաղաղություն»,- նշեց Հովսեփ Սիմոնյանը:

Ներկաներին նաեւ ողջունեց եւ շնորհավորեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Շնորհավորական ելույթներից հետո տեղի ունեցավ Հայաստանի զինված ուժերի՝ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի եւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի եւ սահմանապահ ջոկատի զինվորների համատեղ շքերթը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում