ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀգլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի հետ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, գլխավոր դատախազը նախագահին է ներկայացրել ընտրությունների հետ կապված ահազանգերի, հաղորդումների քննության ընթացքը եւ արդյունքները: Նրա տվյալով, մինչ օրս դատախազությունում գրանցվել է 23 հաղորդում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են ընտրական գործընթացին: Դրանցից 6-ի դեպքում հարուցվել են քրեական գործեր: Աղվան Հովսեփյանն ասել է, որ դատախազությունում ձեւավորված հատուկ աշխատանքային խմբերը հաշվառում, ստուգում եւ քննում են ստացվող բոլոր հաղորդումները, դատախազության աշխատակիցները վերլուծում են նաեւ ԶԼՄ-ներում տեղ գտած հաղորդումները եւ օպերատիվ կերպով ստուգում` արդյո՞ք դրանք կապված են ընտրությունների հետ: Դատախազը նշել է, որ հաճախ պարզվում է, որ որոշ անձինք կամ կուսակցություններ փորձում են առանձին դեպքեր քաղաքականացնել եւ ուղղորդել դեպի ընտրական գործընթացներ: Նախագահը հանձնարարել է դատախազին ապահովել հաղորդումների եւ դրանց վերաբերյալ որոշումների հրապարակայնությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի աշխատանքներին: Աղվան Հովսեփյանը տեղեկացրել է, որ խորհրդի հաջորդ նիստը կայանալու է Երեւանում: