ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում չեղյալ է համարվել մարտի 10-ին թուրք քաղաքական գործիչների մասնակցությամբ չորս հանդիպում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավստրիական Լինց քաղաքի ոստիկանության խոսնակն ասել է, որ միջոցառման վայրի սեփականատերը չեղյալ է համարել միջոցառումը, որին մասնակցելու էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցական ընկերը:
Հոերբրանց քաղաքում չեղյալ էր համարվել մեկ այլ միջոցառում, որին մասնակցելու էր Թուրքիայի նախկին նախարարը, քանի որ կազմակերպիչները այն կեղծել էին` հայտարարելով, թե տեղի է ունենալու գրքի շնորհանդես:
Մեկ այլ միջոցառում էլ չեղարկվել էր Հերցոգենբուրգ քաղաքում, որտեղի հյուրանոցի խոսնակը հայտնել է, որ չեղյալ է համարվել մարտի 12-ին նախատեսված հանդիպումը:
Ավելի վաղ Ավստրիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ցանկանում է ընդունել օրենք, որն արգելելու է օտարերկրյա պաշտոնյաները ելույթ ունենան իրենց երկրում, եթե դա կարող է սպառնալիք դառնալ մարդու իրավունքների կամ հասարակական կարգի համար: Օրենքը խորհրդարան դեռևս չի ներկայացվել:
Եվրոպական մի շարք երկրներ Գերմանիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում արդեն արգելել են թուրք քաղաքական գործիչների ելույթները, որոնք պետք է իրականացվեին երկրում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: