Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները միջազգային հավաքից մրցանակներով են վերադարձել
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները միջազգային հավաքից վերադարձել են մրցանակներով: Փետրվարի 11-22-ը վարժարանի հավաքական թիմը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 15-րդ միջազգային հավաքին: Մասնակցել են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Չինաստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի թիմերը: Ընդհանուր առմամբ մասնակցել է 38 թիմ` ավելի քան 900 մասնակից: Հայաստանի թիմը «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող, պարգևատրվել՝ գավաթով և մեդալներով:
Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական մասի պետ-պետի ուսումնական գծով տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ավագյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Հայաստանի թիմն այս հավաքին արդեն 7-րդ անգամ է մասնակցում: Հավաքը կրում է ռազմամարզական մրցույթ, ստուգվում են մասնակիցների գիտելիքները:
«Բավական աննախադեպ մեծ հավաք էր, մեր թիմը, ցուցաբերելով բարոյակամային բարձր հատկանիշներ, ֆիզիկական պատրաստվածության բարձ մակարդակ, արժանացավ «Պատիվ և արժանապատվություն» մրցանակին: Բավական հաջողություններ ենք ունեցել ռազմականացված մարզաձևերից»,-ասաց նա:
Հավաքը սկսել է 12 կմ երթարշավով, որը մասնակիցները հաղթահարում են ոտքով մինչև -30 աստիճան պայմաններում: Հաղթահարելով` հասնում են իրենց համար նախատեսված կենտրոն, որը գտնվում է անտառում, վրանային պայմաններում էլ անցկացվում են մրցումները:
«Անցկացվել են համալիր ուժային վարժություններ, մասնակիցները հաղթահարել են արգելագոտիներ: Շատ հետաքրքիր էր կրակային պատրաստություն փուլը, ռուս հրահանգիչները հիացած էին, մեր տղաները 2-3 վայրկյանում կարողանում էին «Մակարով» ատրճանակը քանդել, հավաքել: Աննախադեպ ցուցանիշներ են»,-ասաց նա:
Վարժարանի սան Պարգև Հայրապետյանը, ով երկրորդ անգամ էր մասնակցում միջազգային հավաքին, նշեց, որ տպավորությունները շատ մեծ են:
«Բնակլիմայական պայմանները բարենպաստ չէն, բայց մենք փորձեցինք ամեն ինչ անել, որ լավ արդյունքներ ցույց տանք: Ես և իմ ընկերը մասնակցել ենք ինքնաձիգի և ատրճանակի քանդում հավաքում էստաֆետին, գրավել ենք երկրորդ տեղը: Փորձել ենք ամեն բան անել, որ հայրենիքի պատիվը բարձր պահենք»,-ասաց Պարգև Հայրապետյանը:
Միջազգային հավաքներին մասնակցության փորձ ունեցող Արմեն Հովհաննիսյանը նույնպես տպավորված էր: Նա կարևորեց միջազգային հավաքներին մասնակցելը` նշելով, որ դա լավ հնարավորություն է վարժարանի սաների համար:
«Ես նույնպես երկրորդ անգամն էի մասնակցում, իսկապես տպավորությունները շատ մեծ են, բացի այն, որ ցույց ենք տալիս մեր հմտությունները, պատրաստվածության բարձր մակարդակը, զբաղեցնում ենք մրցանակային տեղեր, նաև ձեռք ենք բերում, նոր ընկերներ, նոր շրջապատ»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Այս միջազգային մրցաշարում Հայաստանի թիմը կայուն ձևով ամեն անգամ մրցանակային տեղեր է զբաղեցնում, ինչի մասին լավ գիտեն մասնակից մյուս թիմերը: Ի դեպ, հավաքի շրջանակում կա նաև «Օրվա հերոս» անվանակարգը, որտեղ նույնպես մեր տղաները հաջողություններ են գրանցել: