ԵԱՏՄ մտնելուց հետո հայաստանյան բիզնեսը դեռ այդ աշխուժությունը չի զգում. Արտակ Զաքարյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամների մասնակցությամբ անցկացվում է համատեղ չորրորդ նիստը:
Նիստի շրջանակում անդրադարձ է կատարվելու Եվրասիական միության շրջանակում տնտեսական համագործակցության հեռանկարներին, առկա համագործակցության զարգացման հնարավորություններին, ինտեգրացիոն, ինչպես նաեւ տնտեսական նշանակության հարցերին: Նիստի օրակարգում նաեւ ընդգրկված են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված հարցեր, որոնք առնչվում են հայ-ռուսական ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով՝ նիստի արդյունքում անդրադառնալու են երկու կողմերին հուզող հարցերին եւ փորձելու են գտնել լուծումներ:
«Մենք շատ ենք քննարկում այն հարցը, որ մտանք ԵԱՏՄ, բայց կարծես թե այդ աշխուժությունը եւ ազդեցությունը չի զգում մեր բիզնեսը: Այդ հարցերով ենք քննարկում ունենալու: Կոնկրետ արդյունքը, որ մենք ընկալում ենք, իհարկե, անվտանգության շրջանակում համագործակցությունն է: Եվ մեր հասարակության մոտ, եւ՛ ռուս քաղաքական շրջանակում էլ առաջանում են հարցեր Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, անընդհատ պարզաբանումների անհրաժեշտություն կա, քանի որ Ադրբեջանը շարունակաբար նաեւ ռուսական քաղաքական շրջանակներում է տարածում կեղծ քարոզչություն, ոչ կառուցողական մոտեցումներ: Երկրորդ հարցի շրջանակում պետք է ներկայացնենք մեր դիրքորոշումները համագործակցության վերաբերյալ, խոսելու ենք սպառնալիքների եւ մարտահրավերների մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի մշտական հանձնաժողովի նախագահԼեոնիդ Կալաշնիկովն ընդգծեց, որ հատկապես շատ անելիքներ կան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության դաշտում:
«Այդ հարցով, իրոք, շատ բան կա խոսելու, ինչպես աջակցել միմյանց առկա տարբեր հարցերում: Դա լիովին վերաբերում է Ռուսաստանին, քանի որ փորձ է արվում մտցնելու պատժամիջոցային ռեժիմ, սակայն Արեւմուտքի մոտ շատ հարցերում դա այդքան էլ չի ստացվում: Պետք է քննարկենք հարցեր, որոնք առնչվում են այդ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը»,-ասաց հանձնաժողովի նախագահը: