Հասարակական

ԵՊՀ-ում տեղի է ունեցել Աշոտ Սաղյանի մենագրության շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ում տեղի է ունեցել Աշոտ Սաղյանի մենագրության շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ-ում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանի «Ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ սինթեզ» վերնագրով մենագրության շնորհանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սաղյանի անգլերեն լեզվով մենագրությունը լույս է տեսել Գերմանիայում:

«Ամփոփելով նախորդ ուսումնական տարվա գիտական արդյունքները՝ հարկ է նշել, որ և՛ քանակական, և՛ որակական տեսանկյունից ԵՊՀ-ն մեծ ծավալով և բավականին տպավորիչ աշխատանք է արել: Այդ գոհացուցիչ տվյալների համար մենք շնորհակալ ենք համալսարանական գիտնականներին և երիտասարդ գիտաշխատողներին»,- ողջույնի խոսքում նշեց ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:

Պրոռեկտորը հավելեց նաև, որ Մայր բուհի ամենահեղինակավոր պրոֆեսորներից մեկի՝ Աշոտ Սաղյանի մենագրությունը բացառիկ է ոչ միայն ԵՊՀ-ի, այլև ընդհանրապես քիմիայի բնագավառի համար:

Աշխատության մեջ արծարծված թեմայի կարևորության և բացառիկության մասին խոսեց հենց ինքը՝ հեղինակը. «Մենագրության հրատարակումն իսկապես աննախադեպ է, քանի որ մինչ օրս քիմիայի բնագավառում տվյալ հարցերի վերաբերյալ անգլերեն լեզվով և այսպիսի ծավալով ոչ մի գրականություն չկա: Հիրավի դա է այն պատճառներից մեկը, որպեսզի գրախոսները միաձայն հաստատեին գրքի տպագրության անհրաժեշտությունը»:

Աշոտ Սաղյանն անդրադարձավ նաև մենագրության կառուցվածքին, բովանդակությանը, ստեղծման գործընթացին, մասնագետների արձագանքին, այնուհետև ընդգծեց, որ գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը նպատակ ունի ուղղելու ոլորտի զարգացմանն ու նոր հետազոտությունների իրականացմանը:

Ի դեպ, գրքի համահեղինակն է Ռոստոկի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր Պետեր Լանգերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում