Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրեց «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հաղթողներին

5 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրեց «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հաղթողներին

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հաղթողները՝ անհատները և հետազոտական խմբերը, որոնք գիտական ղեկավարի աջակցությամբ ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են գիտահետազոտական նախագծեր, մայիսի 27-ին ստացան վաստակած մրցանակները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում։  Մրցանակները հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ հետաքրքիր գաղափարները շատ են, ու նախարարությունն աջակցում է այդ գաղափարների իրականացմանը:

«Փառատոնի շնորհիվ ամեն տարի համոզվում ենք, թե ինչ հրաշալի երեխաներ են սովորում դպրոցներում, որոնք ոչ միայն հետաքրքիր գաղափարներ ունեն, այլև այդ գաղափարները կյանքի կոչելու ցանկություն։ Արժե, որ կրթության հանդեպ թերահավատ քաղաքացիները ներկա լինեն փառատոնին և տեսնեն, թե մեր դպրոցներում ինչ աշխատանք է տարվում և ինչպես է տարվում, հավաստիանան, որ չկա լավ գաղափարների պակաս, և մենք աջակցում ենք այդ գաղափարների իրագործմանը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նա հիշեցրեց, որ փառատոնն ունի միջազգային ձևաչափ, և հաղթողները հնարավորություն են ստանում մասնակցել միջազգային գիտական փառատոնների և հավաստիանալ, որ մեծ ցանցի մասնիկն են։

«Նախորդ տարիներին ակնառու հաջողություն չենք ունեցել միջազգային գիտական փառատոններում, բայց սա այն դեպքերից է, երբ փորձը ևս կարևոր է, և ես վստահ եմ, որ մեր դպրոցականներն առաջիկայում ավելի մեծ նվաճումներով են վերադառնալու  միջազգային փառատոններից։ Ուրախ եմ, որ փառատոնին ներկայացված նախագծերի թիվը տարեցտարի ավելանում է։ 2021 թվականին ընդամենը 38 նախագիծ ունեինք, 2025-ին՝ 90-ից ավելի։ Բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական ուղղություններն առաջնահերթություն են, բայց մենք ունենք նաև սոցիալական գիտությունների անվանակարգ, որը դպրոցականներին հնարավորություն է տալիս ավելի բազմազան ու բազմակողմանի նախագծեր իրականացնել»,-նշեց Անդրեասյանն ու հավելեց՝ հաղթող ճանաչված 62 նախագծի հեղինակներին՝ 130 սովորողի, հանձնում են մրցանակներ, որոնք նրանց աշխատանքի արդյունքն են։

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի խոսքով՝ ակտիվ քննարկել են նախագծերը։ 

«Երկու նախագիծ կար, որոնց շուրջ բավականին երկար բանավիճում էի աշակերտների հետ։ Վեցերորդ, յոթերորդ դասարանի աշակերտները բավականին հետաքրքիր գործ էին ներկայացրել. բնական հումքից նյութեր էին անջատել և ցույց էին տալիս, թե դրանք ինչպես են բետոնի ծածկվածքների կայունությունը մեծացնում, այսինքն՝ փոքրացնում ջրի թափանցելիությունը։ Մյուսն էլ կիրառությունն է դեղագործության ոլորտում։ Խոսում էին ընդհուպ մինչև գենային ինժեներիայի մասին։ Բանավիճում էինք, բայց աշակերտներն իրենց սկզբունքներին հավատարիմ էին»,-ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

Սաղյանը հարցրել է աշակերտներին, թե ինչ մասնագիտություն են ընտրելու, նրանք պատասխանել են՝  իրավաբան։ ՀՀ ԳԱԱ նախագահը շեշտել է, որ աշակերտները հետաքրքիր նախագծեր են իրականացրել, որոնք կարող են նպաստել պետության հզորացմանը և լավ կլինի, որ շարունակեն այդ ուղղությամբ աշխատել, սակայն դպրոցականները համառել են՝ նշելով, որ ցանկանում են հանցագործներին բռնել։ Սաղյանը վստահ է՝ երեխաների մասնագիտական կողմնորոշումը պետք է հստակեցվի դպրոցում։ 

«Աշխարհը փոխվել է։ Բարձր տեխնոլոգիաների դար է։ Վերջին պատերազմները գիտության պատերազմներ են։ Պետք է դպրոցներում զարգացնել բնական գիտությունները։ Այդ առումով նման միջոցառումները շատ կարևոր են»,-շեշտեց Աշոտ Սաղյանն ու հավելեց՝ ակադեմիան պատրաստ է կազմակերպել էքսկուրսիաներ ու աջակցել գիտության զարգացմանը դպրոցներում։

Փառատոնին մասնակցելու համար 2025-ին  250 սովորող ներկայացրել է 94 նախագիծ՝ հինգ հիմնական անվանակարգում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ:

Եզրափակիչ փուլում նրանք ներկայացրել են հետազոտությունների արդյունքները:

Հայկական համադպրոցական գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2021 թվականին` դառնալով ամենամյա։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ծրագրին նախորդ չորս տարիներին մասնակցել է ավելի քան 500 սովորող՝ Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցներից՝ ներկայացնելով 231 նախագիծ։ Փառատոնին մասնակցում են միջին և ավագ դասարանների աշակերտներ։

Փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում