ՀՀ ԳԱԱ նախագահը հյուրընկալել է ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի պատվիրակությանը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հյուրընկալել է ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական, ՌԴ կրթության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը, համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ալբերտ Կումուկովը։
ՀՀ ԳԱԱ-ից հանդիպմանը մասնակցել են ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատարներ Արամ Պապոյանը և Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության ղեկավար Սոֆի Աճեմյանը։
«Մենք կարևորում ենք նման հանդիպումների անցկացումը, որոնք ամրապնդում են գիտական կապերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աշոտ Սաղյանի խոսքն է մեջբերված Գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ:
Աշոտ Մելքոնյանը նշել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի համագործակցության մասին, որի արդյունքում հրատարակվել են 2 մենագրություններ, որոնց շնորհանդեսները նախատեսված են առաջիկայում Երևանում և Ստավրոպոլում։
Դմիտրի Բեսպալովը կարևորել է համագործակցությունը ՀՀ գիտական կառույցների հետ և ՀՀ ԳԱԱ նախագահին փոխադարձ այցով հրավիրել Ստավրոպոլ։ Կողմերը քննարկել են համագործակցության՝ համատեղ կրթական ծրագրերի, գիտաժողովների, դպրոցների կազմակերպման հնարավորությունները։