Գիտություն

Հայաստանի և Չինաստանի գիտակրթական, տեխնոլոգիական խոշոր կազմակերպությունները կնքել են համագործակցության շրջանակային համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Չինաստանի գիտակրթական, տեխնոլոգիական խոշոր կազմակերպությունները կնքել են  համագործակցության շրջանակային համաձայնագիր

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան օրերս հյուրընկալել էր չինական Նանջինգի օդագնացության և տիեզերագնացության համալսարանի (NUAA), EDA տեխնոլոգիական նորարարությունների ազգային կենտրոնի և Հարավարևելյան համալսարանի (NCTIEDA&SEU)  և EDA Ecosystem Development Accelerator (EDA²)-ի պատվիրակություններին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, պաշտոնական այցի շրջանակում կնքվել է համագործակցության շրջանակային համաձայնագիր էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտում համագործակցության զարգացման նպատակով։

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել են  ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը,  Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, չինական կողմից՝ NUAA-ի պրոֆեսոր Բին Ցզյանը, NCTIEDA&SEU-ի դոկտոր Ժաոյանգ Չժանը, EDA² տնօրեն Յունշեն Չժենգը։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս համագործակցության շրջանակում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում կիրականացվեն անձնակազմի փոխանակման ծրագրեր, համատեղ հետազոտություններ, մասնագետների վերապատրաստում, փոխշահավետ այլ ծրագրեր։

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշել է, որ այս միջոցառումն արժեքավոր հնարավորություն է գիտնականների միջև ավելի սերտ համագործակցությունը խթանելու և գլոբալ մարտահրավերները կանխելու համար:

Աշոտ Սաղյանը կարևորել է չինական կողմի հետ համագործակցության զարգացումը՝ նշելով, որ ՀՀ ԳԱԱ-ն Չինաստանի տարբեր գիտական կազմակերպությունների  հետ  ունի կնքված բազմաթիվ պայմանագրեր։ ՀՀ ԳԱԱ նախագահը շեշտել է էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում հետազոտությունների խթանման կարևորությունը, ինչը կարող է նշանակալի դեր ունենալ Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացման համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում