Պաշտոնական

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուլղարիայի դեսպանը

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուլղարիայի դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին դեկտեմբերի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն երկու ժողովուրդների մշակութային առնչությունների և պատմական դարավոր բարեկամության շնորհիվ ձևավորված ամուր հիմք, ակտիվ զարգանում է քաղաքական ու տնտեսական երկխոսությունը: Այս ամենը, Նախագահի համոզմամբ, լավ հիմք է ստեղծում Հայաստանի և Բուլղարիայի միջև կապերն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ աշխատանքով կնպաստի այդ հարաբերությունների և տարբեր ոլորտներում փոխգործակցության ներուժի ամբողջական բացահայտմանն ու զարգացմանը:

Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան, համակարծիք լինելով միջպետական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ Նախագահի գնահատականի հետ, կարևորել է մինչ այժմ երկու երկրների միջև ձևավորված իրավական հիմքի՝ ստորագրված ավելի քան հինգ տասնյակ փաստաթղթերի ընձեռած հնարավորությունը լիարժեքորեն օգտագործելն ու փոխգործակցությունն ընդլայնելը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի և տարածաշրջանի մարտահրավերների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում