ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանն իր առաջիկա ծրագրերում կարեւոր է համարում միջազգային ստանդարտներին համահունչ բժշկական կրթության ապահովումը: Լրագրողների հետ ճեպազրույցում նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ բժշկական համալսարանը բավականին հայտնի է տարածաշրջանում: «Մեր երկրի, մեր ժողովրդի առողջական ամբողջ բեռը տասնամյակներ շարունակ տարել են այս համալսարանի շրջանավարները: Այն արդյունքը, որը տալիս է համալսարանը, պիտանի է ոչ միայն մեր երկրում, այլ օրինակ Հնդկաստանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա:
Անդրադառնալով լրագրողի` Հայաստանում բժշկական կրթության բարձր գներին վերաբերող հարցին, Մուրադյանը պատասխանեց, որ չի կարծում, թե Հայաստանում բժշկական ծառայություններն ու բժշկական կրթությունը բավականին մատչելի չեն: «Այսօր մենք բավական մրցունակ ենք դաշտում եւ չեմ կարծում, որ միջազգային շուկայում մենք շատ թանկ ծառայություններ ենք մատուցում»,-հավելեց նա: