Սպորտ

Օլիմիական խաղերն են ամփոփել Արայիկ Բաղդադյանը և Հակոբ Սերոբյանը

3 րոպեի ընթերցում

Օլիմիական խաղերն են ամփոփել Արայիկ Բաղդադյանը և Հակոբ Սերոբյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր տեղի են ունեցել երկու մարզաձևերի՝ մարմնամարզության և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչների հաշվետվությունների լսումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջինը Օլիմպիական խաղերի մասնակցության հաշվետվությամբ հանդես է եկել մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ով ներկայացրել է Ռիո-2016-ին մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանի և Արթուր Դավթյանի հետ նախաօլիմպիական քառամյա փուլում անցկացված նախապատրաստական աշխատանքները (ուսումնամարզական հավաքներ, միջազգային մրցաշարարի մասնակցություն): «Շատ եմ ցավում, որ Հարությունը իր մրցելույթում չկատարեց վերջին տարրը, ինչն էլ պատճառ դարձավ նրա ձախողման: Մինչև այսօր չենք կարողանում հասկանալ դրա պատճառը: Երևի այն ավելի շատ հոգեբանական էր»,- ասել է Հ. Սերոբյանը:

Նա նաև գոհունակությամբ խոսել է մեր մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանի մասին, որը, թեև մրցանակային տեղ չի գրավել Օլիմպիական խաղերում, սակայն իր վարժությունում կիրառել է բացառիկ տարր, որն էլ կոչվել է նրա անունով: «Սա մեզ հպարտանալու առիթ է տալիս, քանի որ մարմնամարզության մեջ գրանցվել է նոր տարր՝ հայ մարզուհու անունով»,- նշել է գլխավոր մարզիչը: Չնայած հայ մարմնամարզիկները ամառային Օլիմպիական խաղերում մեդալների չեն արժանացել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկար տարիների ընդմիջումից հետո նրանք դուրս են եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ, հաշվետվություններն ընդունող աշխատանքային խումբը Հայաստանի մարմնամարզության հավաքականի մասնակցությունը Ռիո-2016-ին գնահատել է բավարար:

Հաջորդ հաշվետվությունը ներկայացրել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Նա ներկայացրել է բոլոր այն նախապատրաստական միջոցառումները, որոնք իրականացվել են նախաօլիմպիական փուլում: «Արդյունքում ունեցանք 4 վարկանիշ 6 քաշային կարգերում: Ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, սպասում էի գոնե մեկ մեդալի Ռիոյում կայացած օլիմպիական խաղերից, սակայն, ցավոք, մեր տղաներից ոչ ոք մրցանակային տեղ չգրավեց»,- ասել է Ա. Բաղդադյանը և հավաքականի մասնակցությունն ամառային Օլիմպիական խաղերին գնահատել է անբավարար: Նա նաև խոսել է այն խնդիրների մասին, որոնք խանգարում են ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանը և այս ոճում հանդես եկող մարզիկների հերթափոխի պատրաստմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում