2023 թվականին խնդիրը մեկն է`հնարավորինս շատ օլիմպիական ուղեգրեր նվաճել. Արայիկ Բաղդադյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան երկու հավաքականների առաջ մեկ խնդիր ունի դրած՝ գալիք տարվա համար հնարավորինս շատ օլիմպիական ուղեգիր նվաճել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: «Հայաստանի այս առաջնությունն ունի ընտրական բնույթ մյուս տարվա մրցաշարերին մասնակցելու համար: Մեզ համար 2023 թվականի աշխարհի առաջնությունը շատ կարևոր է, քանի որ խաղարկելու են Օլիմպիական խաղերի 5 ուղեգիր: 2023 թվականին խնդիրը մեկն է` հնարավորինս շատ օլիմպիական ուղեգիր նվաճել»,-ասաց նա:
Բաղդադյանի խոսքով` ֆեդերացիան Փարիզի Օլիմպիական խաղերի համար ընդհանուր առմամբ մոտ 6 ուղեգրի ակնկալիք ունի:
Հայաստանը ներկայացնող ըմբիշներն անցնող տարում նվաճել են 56 մեդալ: Բոլոր տարիքային խմբերում Հայաստանն ունի Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ:
Հունվարի ամսվա մեկնարկին հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները ուսումնամարզական հավաքի միջոցով կսկսեն նախապատրաստվել մրցաշարերին: