ԱՄՆ-ն Ասադից ներողություն է խնդրել սիրիական բանակին հասցրած ավիահարվածների համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները ներողություն է խնդրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադից՝ սիրիական բանակին հասցրած ավիահարվածների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այո, նրանք ներողություն են խնդրել»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին՝ ԱՄՆ-ն ներողություն խնդրե՞լ է Ասադից Դեր Զորի շրջանում սիրիական բանակին հասցրած ավիահարվածների համար:
ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի կործանիչները չորս ավիահարվածներ են հասցրել Դեր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների շրջափակման մեջ գտնվող սիրիական բանակի զինվորներին: Ավիահարվածների հետևանքով զոհվել է 62 զինծառայող, շուրջ 100 զինծառայող էլ վիրավորվել է: Պենտագոնը դեպքի առնչությամբ խորը ափսոսանք է հայտնել ու հայտարարել, որ ավիահարվածների թիրախը պետք է լինեին ահաբեկիչները: