Մշակույթ

Ղարաբաղն այն վայրն է, որի մասին պետք է խոսվի եւ ֆիլմ նկարահանվի. ֆրանսահայ ռեժիսոր

2 րոպեի ընթերցում

Ղարաբաղն այն վայրն է, որի մասին պետք է խոսվի եւ ֆիլմ նկարահանվի. ֆրանսահայ ռեժիսոր

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղն այն վայրն է, որի մասին պետք է խոսվի եւ ֆիլմ նկարահանվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ֆրանսահայ կինոռեժիսոր Առնո Խայաջանյանը, ում «Քարքարոտ արահետներ» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել էր լավագույն վավերագրական ֆիլմ:

Ֆիլմը հուլիսի 15 ցուցադրվել էր նաեւ Լեռնային Ղարաբաղում:

«Սա առաջին անգամ էր, որ եղա Ղարաբաղում: Ինձ հատկապես շատ հետաքրքիր թվաց Երեւան-Ստեփանակերտ ճանապարհը. հոյակապ բնապատկերներ, սահմաններ սարերից այն կողմ: Ստեփանակերտում ես շատ էի տպավորվել կենսուրախության եւ պատերազմի համաժամանակյա ներկայությամբ: Ես այնտեղ մարդկանց մեջ կյանքի ծարավ էի զգում, ուժեղ մարդկանց, ովքեր տառապել են: Իսկ ամենալավ հիշողություններս, թերեւս, կապված են զինծառայողների հետ: Հենց ֆիլմի ցուցադրությունից առաջ երիտասարդ զինծառայողների խումբը մտավ ներս: Նրանք մոտավորապես 18 տարեկան էին: Ես շատ ոգեւորված եւ միեւնույն ժամանակ զարմացած էի: Ցավոք, հնարավորություն չունեցա ցուցադրությունից հետո խոսելու նրանց հետ: Ինձ համար շատ հետաքրքիր կլիներ լսել, թե ինչ զգացողություններ են նրանք ունեցել իմ ֆիլմը դիտելիս»,-ասաց կինոռեժիսորը:

Առնո Խայաջանյանը նշեց, որ Ղարաբաղի մասին ֆիլմ նկարահանելու նպատակ ունի: Նա նման հայտարարություն էր արել, երբ դեռեւս Հայաստանում էր` մտահոգություն հայտնելով, թե ինչու շատ ֆիլմերում չեն խոսում այս թեմայի մասին:

«Իմ նպատակն է Ղարաբաղում անցկացնել 1 ամիս եւ ուսումնասիրություններ կատարել, որպեսզի կարողանամ սցենար գրել: Այժմ ես կենտրոնացած եմ երիտասարդության վրա: Ինձ ավելի շատ հետաքրքրում են պատերազմի հետեւանքները, եւ դրանց ազդեցությունը նոր սերնդի վրա»,- եզրափակեց ֆրանսահայ կինոռեժիսորը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում