Հասարակական

Արմեն Մուրադյանը ծանոթացել է Իզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը ծանոթացել է Իզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնակչությանը շուտով հասանելի կդառնա ևս մեկ գերժամանակակից ծառայություն: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Իզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման գործընթացն ավարտական փուլում է: Այս փուլում իրականացվում են արտաքին տարածքի բարեկարգման, ինչպես նաև լաբորատորիայի հագեցման աշխատանքները:

Զուգահեռաբար ընթանում է 2-րդ փուլի՝ Ճառագայթային բուժման կենտրոնի, ստեղծման գործընթացը: Ճառագայթային բուժման նոր կենտրոնը հագեցած կլինի արդի գծային արագացուցիչներով, բրախիթերապիայի համար նախատեսված սարքավորումով, ինչպես նաև կունենա հզոր ախտորոշիչ մաս: Կենտրոնի պլանային հզորությունը նախատեսված է տարեկան շուրջ 1250 հիվանդի բուժման համար: Հարկ է նշել, որ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող ճառագայթային թերապիան համարվում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել ծախսարդյունավետ մեթոդներից մեկը, որը ցուցված է հիվանդների շուրջ 50 տոկոսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Սեպտեմբերի 1-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծրագրի իրականացման պատասխանատուների հետ շինհրապարակում էր: Նախարարը ծանոթացավ ավարտական փուլում գտնվող աշխատանքների ընթացքին: Զեկուցվեց, որ ավարտվում է նաև Ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը, և շուրջ մեկ ամսից կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ:

Ամփոփելով նախարար Մուրադյանը պատասխանատուներին տվեց մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ խստիվ հետևել աշխատանքների պատշաճ որակի ապահովմանը և հաստատված ժամկետների պահպանմանը, քանի որ նորաստեղծ ծառայություններն ունեն կենսական նշանակություն չարորակ նորագոյացությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև արդյունավետ բուժման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում