ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերի առողջապահական խնդիրները, ըստ ոլորտների ներկայացվեցին հիմնական ցուցանիշները: Մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանգամանալից անդրադարձ կատարվեց առկաբացթողումներին, ինչպես նաև առաջարկվեցին լուծմանն ուղղված անհրաժեշտ համատեղ քայլեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Քննարկվեցին ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, բուժանձնակազմերի մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք հարցեր: Կարևորվեց ծննդօգնության ծառայության, ինչպես նաև համայնք առ համայքն կանխարգելիչ պատվաստումների, սկրինինգային ծրագրերի կատարողականի բարելավման անհրաժեշտությունը:
Առանձնակի շեշտադրվեցին զինվորական հաշմանդամություն ունեցող մարզաբնակ անձանց առողջապահական հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները: Նշվեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի օգոստոսին մարզեր կատարած այցերի ընթացքում վեր են հանվել զինվորական հաշմանդամների բուժօգնության կազմակերպման մի շարք խնդիրներ,որոնք պահանջում են համակարգային լուծումներ: Կատարված աշխատանքների ընթացքի մասին մարզերի առողջապահության պատասխանատուները զեկուցեցին նախարարին:
Հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամ զինծառայողների առողջապահական հարցերը` պարբերաբար կազմակերպելով նեղ մասնագետների այցեր: