Քաղաքականություն

Պուտինը նախագահ Սարգսյանին կտեղեկացնի Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին

2 րոպեի ընթերցում

Պուտինը նախագահ Սարգսյանին կտեղեկացնի Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանին` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ներդրած քաղաքական և դիվանագիտական ջանքերի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», նման հայտարարությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ Ձեզ անձամբ երախտագիտություն հայտնել ռուսական կողմի այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը ներդնում է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար: Իհարկե, շատ կարևոր է, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն: Մենք դրան պատրաստ ենք»,- նշել է Հայաստանի նախագահը:

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը Սերժ Սարգսյանին կտեղեկացնի նաև նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:

«Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը մենք, իհարկե, չէինք կարող շրջանցել այն սուր հարցը, որի մասին Դուք նշեցիք, այն է` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը: Իհարկե, հաճույքով Ձեզ կտեղեկացնեմ Բաքվում մեր զրույցների արդյունքների մասին»,- Կրեմլում Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է Վլադիմիր Պուտինը:

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում