Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ՌԴ ԴԺ դաշնության խորհրդինախագահի տեղակալ Ա. Տորշինին եւ ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Մ. Կրոտովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսանդր Տորշինին եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին, ովքեր գլխավորում են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկող պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նրանց այցի նպատակն է ուսումնասիրել խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ընթացքը: Նշելով, որ Հայաստանի կյանքում բավականին պատասխանատու ժամանակահատված է, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը եւս մեկ անգամ ընդգծել է կառավարության վճռականությունը` միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու եւ դիտորդական առաքելությունների իրականացման համար լիարժեք պայմաններ ստեղծելու գործում: Զրուցակիցները քննարկել են ընտրությունների նախապատրաստական փուլին եւ բուն ընտրական գործընթացի դիտարկման հիմնական սկզբունքներին առնչվող հարցեր: Միխայիլ Կրոտովը տեղեկացրել է, որ մարտ ամսից Հայաստանում գործում է ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման եւ մարդու իրավունքների պահպանման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան գրասենյակը, որի 29 դիտորդից բաղկացած աշխատանքային խումբն ընտրական գործընթացի վերաբերյալ ամենշաբաթյա հաշվետվություններ է ներկայացնում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին: ԱՊՀ դիտորդների խոսքով, առաջին տպավորությամբ դիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ նախապատրաստական աշխատանքները բավականին լավ են կատարվում եւ նախորդ ընտրական գործընթացներում տեղ գտած թերությունները հիմնականում շտկվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում