ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Արտիս Պաբրիկսին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի արտաքին գործերի նախարար Արտիս Պաբրիկսին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նշելով, որ Հայաստանը եւ Լատվիան խնդիրներ չունեն, կողմերը ցանկություն են հայտնել երկկողմ շփումները դարձնել առավել ինտենսիվ ու արդյունավետ: Արտիս Պաբրիկսն ընդգծել է Հայաստանի հետ կապերը սերտացնելու իր երկրի պատրաստակամությունը եւ առաջարկել համագործակցել բոլոր այն բնագավառներում, որտեղ Հայաստանն ունի հետաքրքրություններ, իսկ Լատվիան` հնարավորություններ: Նախագահ Քոչարյանն իր հերթին առաջարկել է ավելի ակտիվ շփվել հատկապես Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակում, եւ փորձել այդ ծրագրի համատեքստում խորացնել բարեփոխումների գործընթացներին ուղղված օժանդակությունը: Ըստ ՀՀ նախագահի, Լատվիայի փորձը Հայաստանի համար հետաքրքիր է նաեւ նրանով, որ երկու պետություններն ունեն բավականին ընդհանրություններ, երկրների, բնակչության չափերով միմյանց մոտ են, եւ տնտեսության մեջ բարեփոխումների փորձի ուսումնասիրությունը, ենթակառուցվածքներն ավելի հեշտ է տեղափոխել մեր իրականություն: