Հասարակական

Հասանելի են Վատիկանի արխիվում Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր բացված փաստաթղթերի պատճենները. Ամատունի Վիրաբյան

2 րոպեի ընթերցում

Հասանելի են Վատիկանի արխիվում Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր բացված փաստաթղթերի պատճենները. Ամատունի Վիրաբյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի գաղտնի արխիվում պահվում են աշխարհի բոլոր ժողովուրդների եւ պատմության բոլոր ժամանակահատվածների մասին փաստաթղթեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ Վատիկանի արխիվում պահվող փաստաթղթերը ներառում են Հին Եվրոպայի, Ամերիկայի հայտնագործման ժամանակահատվածից ընդհուպ մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմ:

«Արխիվի աշխատակիցներից մեկի խոսքով՝ ոչ մի ժողովուրդ դուրս չի մնացել իրենց տեսադաշտից: Թեպետ արխիվի մի մասը գաղտնի չէ, սակայն այն մինչ այժմ կոչվում է գաղտնի արխիվ, որն աշխարհի ամենամեծ արխիվն է. եթե փաստատթղթերը իրար կողք կողքի դնենք, կկազմի 85 կմ: Այն այսօր սկսել է ծառայել մարդկության պատմության համար, սակայն դեռեւս այնքան էլ կարգավորված չէ, քանի որ այնտեղ կան հսկայական քանակությամբ փաստաթղթեր»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար հասանելի են Վատիկանի արխիվում Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր բացված փաստաթղթերի պատճենները:

«Քանի որ Հռոմի պապը ուներ ներկայացուցիչներ աշխարհի համարյա բոլոր երկրներում, դեռեւս 19-րդ դարի վերջին արխիվում կուտակվել են նրանց հաշվետվությունները քրիստոնյաների վիճակի մասին, այդ թվում՝ նաեւ հայերի: Այժմ այդ պատճենների՝ հայկական կողմին հասանելի դարձնելու գործընթացին աջակցում է Միլանում ՀՀ պատվո հյուպատոսՊյետրո Քուչուկյանը»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ այժմ խնդիրը թերեւս լեզուն է, քանի որ այդ փաստաթղթերը հիմնականում ֆրանսերեն եւ լատիներեն են, իսկ լատիներենը առանձնապես մեծ խնդիր է ներկայացնում:

«Մենք ունենք նաեւ օսմաներենի մասնագետների խնդիր, քանի որ լեզուն բավականին բարդ է, նման չէ թուրքերենին»,-ընդգծեց նա:

Ազգային արխիվի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ եթե հայկական կողմը նախաձեռնի եւ թույլտվություն ստանա անձամբ Հռոմի պապից, ապա կկարողանա ձեռք բերել Հայոց ցեղասպանության վերաբերյալ դեռեւս անհասանելի բոլոր փաստաթղթերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում