ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն օրինական կարգով ՀՀ զինված ուժերում կիրառությունից դուրս եկած զենքն ու զինամթերքն արտահանում է Կոնգո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Հայաստանի Հանրապետությունն օրինական կարգով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել ՀՀ զինված ուժերում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք»,- ասել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել 1500 միավոր զինատեսակ՝ 1 միլիոն 468 հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով կամ միավորը՝ մոտ 1000 ԱՄՆ դոլար գնով: