ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել տեղեկատվականտեխնոլոգիաների ոլորտի մեկ տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեկ տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պարբերաբար անցկացվող նմանատիպ հանդիպումները կարեւոր են տնտեսության գերակայություններից համարվող այս ճյուղի արագ զարգացումն ապահովելու գործում պետության անելիքները ճշգրտելու առումով: Նախագահը ներկաներին անկեղծ զրույցի կոչ է արել` նշելով, որ նրանց դիտարկումները եւ առաջարկները լավագույն օգնությունը կլինեն ոլորտում կտրուկ առաջընթաց ունենալու համար: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ արդեն իսկ հաղթահարված են կապի նախկին մենաշնորհային վիճակի հետ կապված դժվարությունները, ինչը եւս լավ ազդակ կլինի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նոր մակարդակ ապահովելու համար: Ընկերությունների ղեկավարներն ասել են, որ այս ոլորտում թեեւ տարեկան 20-30 տոկոս աճ է արձանագրվում, սակայն տնտեսության կառուցվածքի, հատկապես արտահանման պատկերում դեռեւս ցուցանիշները մեծ չեն, ինչը չի համապատասխանում ոլորտի իրական ներուժին: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների թվի մեծացման, բարձրակարգ մասնագիտական կադրերի պատրաստման, հայկական ընկերությունների ներկայությունը միջազգային ցուցահանդեսներում ապահովելու եւ Հայաստանում ցուցահանդեսներ անցկացնելու հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր: Քննարկված հարցերից որոշների վերաբերյալ հնչել են կոնկրետ առաջարկներ: Մասնավորապես առաջարկվել է այս ոլորտի ընկերությունների քանակն ընդլայնելու համար ներգրավել նպատակային վարկային ռեսուրսներ, մեծ թվով բարձրակարգ ինժեներական կադրեր ունենալու համար ստեղծել առանձին ուսուցողական կենտրոն, որտեղ կանցկացվեն վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ: Նախագահն ասել է, որ պետությունը շահագրգիռ է արագ ընթացք տալու այն բոլոր նպաստավոր առաջարկներին, որոնք հնչեցին հանդիպման ընթացքում, նաեւ նկատել, որ արդեն հասունացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգում նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը: