Քաղաքականություն

Բաքվում ռազմական հաղթանակի էյֆորիան բացարձակապես անհիմն է. Ռոբերտ Քոչարյան

3 րոպեի ընթերցում

Բաքվում ռազմական հաղթանակի էյֆորիան բացարձակապես անհիմն է. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Բաքվում ռազմական հաղթանակի էյֆորիան բացարձակապես անհիմն է համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2rd.am կայքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքներին, ներկայացրել է իր պատկերացումները, թե ինչ տեղի ունեցավ ռազմական և քաղաքական տեսանկյունից:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ապրիլի սկզբին տեղի ունեցավ այն, ինչին պետք էր սպասել. «Բաքվի՝ մի քանի տարի շարունակվող ռազմական կարողությունների ավելացումը և ռազմաշունչ հռետորաբանությունը վերածվեցին պրակտիկ գործողությունների. դիվերսիոն ակտիվությունից անցում կատարվեց դեպի խնդրի ռազմական լուծման ճանապարհ: Ամենից հավանականն այն է, որ Ադրբեջանում թերագնահատեցին ԼՂՀ Պաշտպանության Բանակի մարտունակությունը, ինչպես նաև` ագրեսիային դիմագրավելու Արցախի և Հայաստանի բնակչության պատրաստակամությունը: Սկիզբ առած ռազմական գործողության գինը, դրա ընդարձակվող մասշտաբը, ըստ ամենայնի, անընդունելի էին դառնում Բաքվի համար, և պատերազմը կանգնեցվեց: Ես չէի ուզենա գնահատել տեղի ունեցածը որպես հաղթանակ կամ պարտություն: Ադրբեջանական զորքերը գրավեցին մեր դիրքերից մի քանիսը, սակայն ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին: Ռազմական հաղթանակի էյֆորիան Բաքվում բացարձակապես անհիմն է: Մենք էլ չվերականգնեցինք կորցրածը, ինչը նույնպես լավատեսություն չի ավելացնում` անկախ կորստի չափերից, իսկ ռազմական գործողությունների 4 օրվա ընթացքում մեր մարդկային կորուստները մեզ համար անսովոր և անընդունելի մեծ են: Այնպես որ, բարոյական հաղթանակի մասին էլ չարժե խոսել: Սակայն, ակնհայտ դարձավ, որ նույնիսկ խախտված ռազմական բալանսի պայմաններում հակամարտության ռազմական հեշտ լուծում չկա և սա կարող է իրապես խթանել սառեցված բանակցային գործընթացը»,- ասել է Քոչարյանը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը իրականում երկարատև պատերազմի պատրաստ չէր, քանի որ հակառակ դեպքում պատերազմն ընդամենը 4 օր չէր տևի: «Կարծում եմ, որ եթե Բաքուն ապրիլին պատրաստ լիներ, ապա պատերազմը չէր դադարի 4 օրից: Այն, որ Ադրբեջանը սկսել էր գերազանցել մեզ սպառազինության որակով՝ գաղտնիք չէր, սակայն մի բան է դա իմանալը, մեկ այլ բան՝ դրան դեմ առ դեմ մարտի դաշտում առերեսվելը»,-նշել է Քոչարյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում