ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված զինվորների կողքին է և իր բարոյական պարտքն է համարում աջակցել նրանց: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 19-ին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Երեկ ուշ երեկոյան ևս հանդիպել եմ զինվորների ծնողների հետ: Կիսում եմ այն հուզմունքը, այն լարվածությունը, որը կա ծնողների մոտ: Բավականին երկար ենք խոսել: Կարծում եմ, որ իրենց իրավունքն է, եթե ուզում են փոխել բուժհատատսությունը, տանել այլ երկիր: Մեր պարտքն ենք համարում բոլոր հնարավոր մեխանիզմներով, քննարկումներով, բարերարների հետ աշխատանքներով, դիվանագիտական խողովակներն օգտագործելով` մեր տղաների և ծնողների կողքին լինել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Մուրադյանը:
ՀՀ առողջապահության նախարարը հավելեց. «Մենք բոլոր խնդիրներում մեր տղաների, նրանց ծնողների կողքին ենք՝ անկախ նրանից թե ինչպիսի հնարավորություններ կան օրենսդրական դաշտում: Մեր բարոյական պարտքն ենք համարում նրանց աջակցելը»: