ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակաբիոտիկները պետք է օգտագործվեն միայն ցուցումներով, իսկ դեղատներից բաց թողնվեն դեղատեմոսերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 19-ին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Օրերս ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ դեղերի մասին օրենք ընդունեց, դեղատոմսերով կիրառվող և օգտագործվող դեղերի վերաբերյալ կա համապատասխան դրույթ, նախատեսված են տույժեր: Սա իրականում բոլոր երկրներում առողջապահական խնդիր է: Հակաբիոտիկների ռացիոնալ, ճիշտ կիրառումը կարող է հետագայում զերծ պահել դեղակայունությունից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` հակաբիոտիկաթերապիան արդի խնդիրներից է:
«Բժշկական հիմնարկներում հակաբիոտիկաթերապիայի ոչ ռացիոնալ կիրառումը կարող է հանգեցնել առողջական լրջագույն խնդիրների: Այս հարցը նոր չի քննարկվում աշխարհում, ապացուցված խնդիր է, հակաբիոտիկները պետք է միմիայն ցուցումներով օգտագործվեն, իսկ դեղատներից բաց թողնվեն միմիայն դեղատեմոսերով»,-շեշտեց նա:
Նախարարի խոսքով` կարևոր է ընդհանուր հարթակ ձևավորել դեղերի շրջանառության համար: «Խիստ կարևորում եմ, որ Հայաստանը կարողացավ օրենք ապահովել և հստակեցնել իր դիրքորոշումը դեղերի շրջանառության վերաբերյալ»,-ընդգծեց նա: