Հասարակական

Շառլ Ազնավուրն ու հրեա գործիչները խոսել են Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հետևանքների մասին

3 րոպեի ընթերցում

 Շառլ Ազնավուրն ու հրեա գործիչները խոսել են Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները (The International Raoul Wallenberg Foundation) հանդիպել են լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է լեգենդի ֆեյսբուքյան էջը: Մայիսի 9-ին Նյու Յորքում կայացած զրույցում նշվել է, որ Ազնավուրները` երգչի հայրը և մայրը, Հոլոքոստի օրերին ապաստան են տվել նրանց, ովքեր փախել են նացիստներից:

«Մենք քնում էինք հատակին` ես և քույրս»,-նշել է երգիչը, սակայն դժվարացել է հիշել այն մարդկանց անունները, ում փրկել է իր ընտանիքը: Հիմնադրամի ներկայացուցիչները Ազնավուրին պատմել են կառույցի ստեղծման և նպատակների մասին: Երգիչը պատմել է, որ ցեղասպանությունից փրկված հայերին և հրեաներին նվիրված երգեր է գրել:

«Գերմանացիները սովորել են Հայոց ցեղասպանությունից»,-շեշտել է Ազնավուրը` խոսելով Հոլոքոստի մասին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև երգչի անցած ուղուն մասին, նա պատմել է, որ ծնվել է Ֆրանսիայում, սակայն ընդգծել է, որ հայ է համարում իրեն: Ազնավուրը պատմել է, թե ինչպես են իր ծնողները հանդիպել Ստամբուլում, հետագայում ամուսնացել:

Նա տեղեկացրել է, որ մի քանի տարի առաջ Իսրայել է գնացել իր թոռան հետ, և այնտեղ կայացել է թոռան բար-միցվայի արարողությունը, քանի որ նրա ծնողը հրեա է:

Հանդիպումն անմասն չի մնացել Ազնավուրի հումորներից: «Մի անգամ մի հրեա կին մոտեցավ, նայեց և ասաց. «Ես գիտեմ Ձեզ»: Ես ասացի`«Միգուցե»: Նա ասաց. «Դուք դերասան եք: Ոչ, դուք այն երգիչն եք: Ի՞նչ է Ձեր անունը»: Ես պատասխանեցի`«Ազնավուր»: «Ավենբուր»,- կրկնեց նա: Ես ասացի. «Այո, այո»: Նա շատ երջանիկ էր»,-պատմել է Շառլ Ազնավուրը:

Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը 2015-ի հոկտեմբերի 10-ինհամերգով հանդես է եկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում ևհարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում