Արցախյան պատերազմի ժամանակ չորս տարեկան էի և երազում էի դառնալ դերասանուհի. Թամարա Պետրոսյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՙՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի և «Լոֆթ»-ի համատեղ «Պատվերով հարցազրույց» նախագծի հյուրն էդերասանուհի Թամարա Պետրոսյանը, ում հետ հարցազրույցը պատվիրել էր դերասան Նարեկ Դուրյանը:

Դու ավարտել ես Արցախի համալսարանի օտար լեզուների բաժինը: Ինչպես ստացվեց, որ եկար Երևան և դարձար դերասանուհի:

Թամարա Պետրոսյան - Չեմ կարող ասել, որ ավարտեցի և անմիջապես որոշեցի տեղփոխվել Երևան, ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Նարեկ Դուրյանը, ով պատվիրել է ինձ հետ հարցազրույցը, «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը մինչև Երևանում բեմադրելը որոշել էր բարեգործական ակցիա անել և Արցախի թատերախմբի հետ առաջին անգամ բեմադրել այդ ներկայացումը: Ես դեռ սովորում էի համալսարանում, նաև մի քանի տարի երգում էի «Արցախի ձայն» նախագծում: Քանի որ ներկայացումը շատ երաժշտական է, Նարեկ Դուրյանին անհրաժեշտ էին դերասաններ, ովքեր գոնե կարող են երգել, և նա եկավ «Արցախի ձայն» ստուդիա դերասաններ ընտրելու:

Հիշում եմ, մենք բոլորս նստած էինք խմբով և սպասում էինք, որ Նարեկ Դուրյանը պիտի գար: Դուռը բացվեց, և ներս մտավ պարոն Դուրյանը, մենք բոլորս սրտատրոփ սպասում էինք, զգացինք, թե ինչպես փոխվեց սենյակի մթնոլորտը: Նա քայլ առաջ արեց, և ասաց. «Բարև Ձեզ երեխաներ, ինչպե՞ս եք»: Այդ պահից հասկացանք, որ իր էներգետիկայով մեզանից ոչնչով չի տարբերվում: Հերթով բոլորիս սկսեց հարցեր տալ, երբ հերթը հասավ ինձ, ասաց. «Վեր կաց»: Կանգնեցի: Ասաց. «Մի հատ արի ինձ գրկի»,- մոտեցա, որ գրկեմ ու ասացի. «Գիտեք, էլի գրկեմ, բայց վախենամ ձեռքերիս գրկաչափը չհերիքի»,- նա լիաթոք ծիծաղեց, և ես անցա քասթինգը:

Առաջին անգամ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ե՞րբ ստացար:

Թամարա Պետրոսյան - Իմ առաջին փորձը եղել է ամերիկյան ֆիլմում: Էպիզոդիկ դերում էի հանդես գալիս: Ֆիլմը կոչվում էր «Here», որտեղ գլխավոր դերակատարը Բեն Ֆոսթերն էր: Ինձ համար շատ մեծ փորձ էր: Նկարահանումները տևեցին երկու օր և տեղի էին ունենում Ազգային պատկերասրահում, այդ կարճ ժամանակահատվածում ես ձեռք բերեցի որոշակի փորձ՝ աշխատելով պրոֆեսիոնալների հետ:

Հետագայում «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն», «Ընտանյոք հանդերձ» և այլ հեռուստատեսային և կինո նախագծերում նկարահանվելու հրավերներ ստացա:

Ի՞նչ ներկայացում ես դիտել վերջերս:

Թամարա Պետրոսյան - «Պարույր Սևակ» ներկայացումը, որը «32 թատրոն» -ի տղաներն են բեմադրել: Շատ էի լսել այդ ներկայացման մասին, սակայն չէր հաջողվում դիտել: Վերջերս հասցրեցի ժամանակ գտնել և վայելել բեմադրությունը:

Հետագայում որտե՞ղ ես պատկերացնում քեզ. Թատրոնո՞ւմ, թե կինոյում:

Թամարա Պետրոսյան Եվ թատրոնում, և կինոյում: Ես այն մարդկանցից եմ, ով ավելի շատ ներկայով է ապրում: Քանի անգամ փորձել եմ ապագայի մասին մտածել, ասել, որ երկու տարի հետո այսպես լինի, այդ մտածմունքներից վատ եմ զգացել: Իսկ եթե հանկարծ իմ պլանավորածով չլինի՞, ինչ եմ անելու: Դրա համար էլ ամեն անգամ գալիս եմ այն եզրակացության, որ այս պահը, որն ես հիմա ապրում եմ, այն աշխատանքը, որն ես ունեմ, ընկերները, միջավայրը, ինձ լիովին բավարարում են, և ես ապրում եմ հենց այդ պահով: Վախենում եմ մտքերով առաջ գնալ, ասել, որ հետագայում ես ինձ այստեղ կամ այնտեղ եմ տեսնում: ժամանակը և հանգամաքները ցույց կտան: Դա, թերևս, գալիս է մարդուց: Ես վախենում եմ այդ մտքերից:

Ինչպե՞ս ես վերաբերում սերիալներին:

Սերիալը որպես ժանր գոյության իրավունք ունի, ինչու ոչ: Կան սերիալներ, որ հաճույքով նայում ես: Մենք չենք կարող համեմատվել այն երկրների հետ, որտեղ հաջողված սերիալներ են նկարահանվում, քանի որ նրանք երկար ժամանակ կինոարտադրություն ունեն: Իրենք ունեն տարիների ընթացքում կազմավորված համակարգ: Մեզ մոտ հնարավորությունները սուղ են: Ունենք լավ դերասաններ, բայց այդ համակարգը չկա: Ժամանակին երբ Չապլինն ասում էր կինոն արվեստ է, պրոդյուսերները նրա հետ վիճում էին` ասելով՝ ոչ, կինոն բիզնես է: Հիմա ԱՄՆ-ում այդ երկուսը միացվել են, և ստեղծվել է առողջ համակարգ: Մենք այդ միջոցը չունենք: Մեզ մոտ լինում են դեպքեր, երբ դերասանի առաջ ոչ նորմալ պայմաններ են դնում, շատերը դիմանում են դրան՝ միգուցե ունենալով հացի խնդիր, միգուցե իրենց մասնագիտությունը, գործը շատ են սիրում:

Կյանքում ի՞նչ երազանք ես ունեցել:

Ինչ երազանք ունեցել եմ, իրականացել է: Պատկերացրեք 4 տարեկան աղջիկ այդ պահին ապրում է նկուղում, ռումբեր են պայթում, պատերազմ է, չգիտես ինչ է լինելու քեզ հետ: Այդ պահին երազում էի դառնալ դերասան: Հիմա ես զբաղվում եմ դերասանական գործով, հետևաբար, իմ երազանքն իրականացել է: Այն ժամանակ և այդ պայմաններում, դա իրոք երազանք էր:

Լևոն Դադասյան

«Արմենպրես»-ի և «Լոֆթ»-ի համատեղ «Պատվերով հարցազրույց» նախագծի հյուրն է Tamara Petrosian -ը, ում հետ հարցազրույցը պատվի...

Опубликовано Levon Dadasyan26 марта 2016 г.

Հայերեն

Ազգային ժողովի նիստ

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով

ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ

ՎԶՄԲ-ն 40 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար

Գազայի հատված է ժամանել մարդասիրական օգնությամբ լի գրեթե 900 բեռնատար

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

Սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող ավտոմեքենայի գույքահարկը կհատուցի հանցագործը

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր