ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016 թվականի մարտին 2015-ի դեկտեմբերի համեմատ նվազել են միջին հաշվով 1.4 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ներկայացնելով մասնագիտական խմբի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները:
«Պարզվել է, որ լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016 թվականի մարտին 2015 թվականի դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1.4 տոկոսով: Ընդ որում, դրանցից 47 անվանումով դեղերի միջին շուկայական գները նվազել են շուրջ 4 տոկոսով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3 տոկոսով»,- ասաց Արմեն Մուրադյանը՝ տեղեկացնելով նաև, որ Ազգային ժողովում 1-ին ընթերցում անցած «Դեղերի մասին» նոր օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ օրենքների նախագծերի վերաբերյալ պատգամավորների կողմից հնչեցված շուրջ 40 հարցերից բացի, ստացվել են շուրջ 44 գրավոր առաջարկություններ, որոնց մի զգալի մասն ընդունվել է, և կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարին և պատկան մարմիններին առաջարկեց ուշադիր լինել, որպեսզի դիրքի չարաշահում չլինի, քանի որ չորս կազմակերպություն ներկրում են դեղերի շուրջ 65 տոկոսը: