Հայաստանը հանքավայրերի շահագործման էկոլոգիապես մաքուր եղանակի կողմնակից է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը ներկայում ջանքեր է գործադրում արդյունահանվող մետաղական օգտակար հանածոների վերամշակման արտադրության կազմակերպումը փակ ու ավարտուն ցիկլերով կազմակերպելու համար, հանույթից պատրաստի արտադրանքի ստեղծման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 14-ին կայացած հայ-կանադական գործարար համաժողովին հայտարարեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: Նրա խոսքով` վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից ընդերքի և բնական պաշարների բնագավառում վարվող քաղաքականությունն ուղղված է բնագավառը կարգավորող իրավական դաշտի բարելավմանը եւ կատարելագործմանը, հարկային դաշտի պարզեցմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաեւ հանքարդյունաբերության ոլորտում ներդրողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Ընդերքօգտագործման ոլորտի պետական քաղաքականությունը նպատակաուղղված է լեռնահանքարդյունաբերության զարգացմանը, օգտակար հանածոների առավել ռացիոնալ օգտագործմանը` հաշվի առնելով համաշխարհային բնապահպանական եւ սոցիալական պահանջները, նպատակ ունենալով հասնել լեռնահանքային ոլորտի դինամիկ եւ դիվերսիֆիկացված վերահսկելի գործունեության ապահովմանը»,-ասաց նախարարը: Նա նկատեց, որ Հայաստանն առանձնանում է օգտակար հանածոների բազմազանությամբ, իսկ ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ և բազմազանությամբ մեր երկիրն աշխարհում առաջատար տեղ է զբաղեցնում, Հայաստանում հանդիպում են հայտնի գրեթե բոլոր տեսակների հանքանյութային ապարները:

Նախարարը շեշտեց, որ կառավարությունը ձգտում է ապահովել հանքավայրերի շահագործումը էկոլոգիապես մաքուր եղանակով` ապագա սերունդների վրա լրացուցիչ բեռ չավելացնելու համար: «ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացնում է մեր երկրում օրենսդրական դաշտի բնապահպանական երաշխիքները հանքարդյունաբերության ոլորտում: Այս քայլը կօգնի ներգրավել պատասխանատու ներդրողներին, ովքեր կարևոր դեր կխաղան Հայաստանի կայուն զարգացման գործում: Մենք շահագրգռված ենք ներգրավել իրավասու օտարերկրյա հանքարդյունաբերական ընկերություններ, արդյունավետ և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաներով»,-ընդգծեց նախարարը:

Նա նշեց, որ հանքարդյունաբերական ոլորտում ներկայիս իրավիճակը չի բավարարում պետության և հասարակության կողմից ներկայացվող պահանջներին: Մասնավորապես, ծախսերի եւ եկամուտների վերաբերյալ հանքարդյունաբերական ընկերությունների եւ պետական հաշվետվության մակարդակը բարելավման կարիք ունի: «Այս նպատակով Համաշխարհային բանկի փորձագետների հետ իրականացվում են աշխատանքներ Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնությանը (EITI) Հայաստանի անդամակցելու նպատակով: Կառավարության դիրքորոշումը այս հարցում շատ հաստատուն է, և ամեն ջանք գործադրվելու է` հնարավորինս շուտ այս նպատակին հասնելու համար»,-ասաց Լևոն Յոլյանը:

Կարևորելով համաժողովի անցկացումը` նախարարը հույս հայտնեց, որ այն կդառնա շահագրգիռ և օգտակար քննարկումների հարթակ: Նա հավաստիացրեց մասնակիցներին, որ ի դեմս ՀՀ կառավարության նրանք ունեն հուսալի գործընկեր:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ու Հայաստանում Կանադայի դեսպանատան նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել է հայ-կանադական գործարար համաժողով` նվիրված հանքարդյունաբերության ոլորտում երկու երկրների գործունեության հետագա հնարավորությունների բացահայտմանը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժի, օրենսդրական դաշտի ներկայացմանը, նոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների քննարկմանը, համագործակցության ընդլայնման ու խորացման պայմանների ստեղծմանը:

Համաժողովի շրջանակում կանադական ընկերություններին ներկայացվեցին հանքարդյունաբերության ոլորտի հայաստանյան շուկան, ոլորտում իրականացվող հարկային քաղաքականությունը, Հայաստանի ներդրումային միջավայրը: Կազմակերպվեցին առանձին հանդիպումներ հայկական եւ կանադական ընկերությունների միջեւ` համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանքարդյունաբերության ոլորտի հայ-կանադական համաժողովին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հրավիրված էին ընդերքի բնագավառում գործունեություն ծավալող հայկական եւ կանադական գրեթե երեք տասնյակ ընկերություններ:

Հայերեն Русский

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել