Հասարակական

Արմեն Մուրադյանը կարևորում է բուժօգնության որակի ապահովումը

3 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը կարևորում է բուժօգնության որակի ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանիտարական նորմերի և կանոնների, կլինիկական չափորոշիչների և գործելակարգերի պահպանումը, ինչպես նաև որակի վերահսկումը առաջնային պահանջ է, որը դրված է բժշկական կազմակերպությունների առաջ: Այս մասին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում բուժաշխատողների հետ ուշ երեկոյան հանդիպման ընթացքում ընդգծել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Բժշկական կենտրոնի մասնագետների հետ քննարկման առանցքում էր նոր` որակի բաժիններ ստեղծելու հնարավորության հարցը:

«Շենքային և նյութատեխնիկական լավ պայմանները չեն կարող գործել առանց որակական ցուցանիշների: Որակը պետք է լինի չափելի»,- նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բժիշկների պաշտպանվածությանը, բժշկական ծառայությունների ընդլայնմանը, բուժօգնության որակի բարելավմանը վերաբերող հարցերի, ինչպես նաև ներդրվող Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգին և բուժաշխատողների հավաստագրմանը:

Արմեն Մուրադյանը տնօրեն Արմինե Հովակիմյանի ուղեկցությամբ շրջել է նաև բժշկական կենտրոնի բաժանմունքներով, ծանոթացել նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանը: Նա հետաքրքրվել է մատուցվող ծառայությունների տեսակներով, վիրահատությունների քանակով: Նախարարին ներկայացվել է նաև նորածնային բաժանմունքի և կանանց կոնսուլտացիայի աշխատանքը, ծնունդների ամսական և տարեկան ցուցանիշները: Ուլտրաձայնային հետազոտության սենյակներում Արմեն Մուրադյանն առաջարկել է փակցնել աղջիկ երեխաների նկարեր: Այդ քայլը նրա գնահատմամբ` կնպաստի հասարկության շրջանում աղջիկ երեխայի անհրաժեշտության ու կարևորության գաղափարի ձևավորմանը:

ՀՀ առողջապահության նախարարը հորդորել է նաև կենտրոնի ղեկավարությանը քայլեր ձեռնարկել կենտրոնում առաջատար մասնագետների ներգրավածությամբ մանկավարժական, ամբիոնական աշխատանք ծավալելու ուղղությամբ:

2014թ. Երևանում բացվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որն ունի 5 վիրահատարան, ծննդատուն, ինտենսիվ բուժման, գինեկոլոգիական, էնդոսկոպիկ, ընդհանուր, միկրո և պլաստիկ վիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, ուռոլոգիայի, անոթային, ԼՕՌ բաժանմունքներ, լաբորատոր և ախտորոշիչ՝ ծառայություններ, ներառյալ՝ համակարգչային շերտագրություն (KT) և ռենտգեն։ Հիվանդանոցն ունի նաև պետական պատվերով իրականացվող ծառայություններ, որոնց թվում է ծննդօգնությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում