Հայաստանը տեխնոլոգիական համալսարան է հիմնում. կդասավանդեն աշխարհում ճանաչվածները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետների պահանջը բավարարելուն ուղղված տեխնոլոգիական համալսարանի հիմնումը կայանալու է պետություն-մասնավոր կուռ համագործակցության արդյունքում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, այն լիովին նոր մոդել է լինելու հայաստանյան կրթական համակարգում: «Տեխնոլոգիական համալսարանի կառավարումը իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ: Մասնավորն իր ներդրումը պետք է ունենա կրթական ծրագրերում, որ կարողանա հետագայում այդ ուսանողներին ապահովել իրենց գիտելիքին համապատասխան, արժանավայել աշխատանքով: Սա փոխշահավետ ու հստակ խթանիչ մեխանիզմ է ինչպես ուսանողների համար, ովքեր ավարտելուց հետո ունենալու են աշխատանք, այնպես էլ մասնավորի համար, որի մոտիվացիան բուհի շրջանավարտներն են, ովքեր կլինեն ցանկալի մասնագետներ ու շահույթ կապահովեն կազմակերպությունների համար»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով` ներկայիս կրթական համակարգի պատրաստած կադրերը չունեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների պահանջները լիովին բավարարող հմտություններ: Ինչպես փոխնախարարն է նշում, այդ մասին բազմիցս հայտարարել են թե իրենք, թե մասնավոր հատվածը: «ՏՏ աջակցման խորհրդի նիստում քննարկվեց երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի հիմնման անհրաժեշտությունը, աշխատանքային խումբ ստեղծվեց վարչապետի հանձնարարությամբ: Այն ղեկավարում է Կրթության և գիտության նախարարը, աշխատանքներում ներգրավված են Էկոնոմիկայի նախարարությունը, մասնավոր հատվածը, բուհական համակարգի ներկայացուցիչներ` ռեկտորներ»,-տեղեկացրեց Էմիլ Տարասյանը` հավելելով, որ հրավիրված միջազգային փորձագետների օգնությամբ էլ հստակեցվել է բուհի ընդհանուր կառուցվածքն ու սխեման: «Որոշվեց, որ դա արվելու է Պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա` նոր կրթական ծրագրերով ու նոր կառուցվածքով»,-ասաց Էմիլ Տարասյանը: Փոխնախարարի դիտարկմամբ` մասնավորն այսօր էլ միջոցներ է ուղղում տարբեր կրթական ծրագրերի միջոցով որակյալ մասնագետներ պատրաստելուն: «Այս դեպքում նրանք կխնայեն միջոցներ, քանի որ կարվի համատեղ ուժերով և կստանան առավելագույն արդյունք»,-ավելացրեց նա:

Տեխնոլոգիական համալսարանը կրթական ծառայություն կմատուցի ինչպես բակալավրիատ, այնպես էլ մագիստրատուրա կրթական աստիճաններում: Ըստ Էմիլ Տարասյանի` մեր պատկերացրած մագիստրատուրան մի փոքր այլ ձևաչափով կգործի այստեղ: Որպես մագիստրոսական աշխատանք ուսանողներին կհանձնարարվեն դեռևս լուծում չունեցող կամ լուծում պահանջող խնդիրներ, որոնց վերաբերյալ նորարար առաջարկները կյանքի կկոչվեն:

Ինչ վերաբերում է դասավանդողներին, ապա կներգրավվի ինչպես ներկայում տարբեր բուհերում գործող դասախոսական կազմը, որը կվերապատրաստվի, այնպես էլ` հրավիրյալ դասախոսներ, հայաստանյան ու համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ: «Երբ քննարկվում էր համալսարանի մոդելը, դասախոսների ժամանաքանակի ու վճարման հարցերը ևս մեր ուշադրության կենտրոնում են եղել: Լավ դասախոսը պետք է շատ վարձատրվի: Մենք նաև նախատեսում ենք, որ դասախոսությունները վարելու են ինչպես խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հաջողությամբ են գործում ՏՏ ոլորտում, այնպես էլ աշխարհահռչակ ու հայտնի դասախոսներ: Կիրականացվի նաև գործող դասախոսական որոշակի մասի վերապատրաստում»,-հավելեց Էմիլ Տարասյանը:

Հարցին ի պատասխան, թե որքանով է կրթությունն այդ բուհում մատչելի լինելու պոտենցիալ ուսանողների համար` Էմիլ Տարասյանը հավաստիացրեց, որ վարձավճարը խոչընդոտ չի հանդիասանալու համալսարանում սովորելու համար: «Համալսարանը նախատեսում է ոչ մեծ քանակությամբ ուսանողների ներգրավում և հիմնական շեշտադրումը լինելու է ուսանողի գիտելիքը: Եթե գիտելիք ու ստեղծագործական միտք ունեցող աշակերտն ու ուսանողը ցանկություն հայտնեն սովորելու, պետք է ցանկացած աջակցություն ու արտոնություն ցուցաբերվի: Ըստ էության` ֆինանսների գործոնը լուծված է լինելու, քանի որ բուհի պահպանման հարցերը հոգալու են խոշորագույն կազմակերպությունները, այս դեպքում խոսքը չի գնում բարձր վարձավճարների մասին: Միգուցե պահանջարկով պայմանավորված տեղերը սպառվելուց հետո հավելյալ տեղերի դեպքում քննարկվի բարձր վարձավճարով տեղերի առկայության հարցը»,-հայտնեց Էմիլ Տարասյանը:

Ներկայում ծրագրի վերջնական մոդելի ձևավորման փուլն է, քննարկվում է նաև հեռահաղորդակցության ոլորտը ներառելու հարցը: «Մեկնարկը, կարծում եմ` շատ շուտ չի լինի, քանի որ արագացնել այս գործընթացը ուղղակի վտանգավոր է: Կարծում եմ` տարվա վերջում թե տարածքի, թե ձևաչափի, թե կոնկրետ կազմակերպությունների ներգրավվածության առումով կունենանք հստակեցում»,-վստահեցրեց փոխնախարարը:

Անի Նազարյան

Հայերեն English Русский

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով