Հասարակական

Արմեն Մուրադյանն ուսանողների մասնակցությամբ ուսուցողական վիրահատություն է կատարել

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն ուսանողների մասնակցությամբ ուսուցողական վիրահատություն է կատարել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում փետրվարի 18-ին հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը պատասխանել է ապագա բժիշկներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Նախարարն անդրադարձել է նաև մարզերի առողջապահական խնդիրների լուծմանը, մասնավորապես, բժշկական կազմակերպությունների` երիտասարդ որակյալ կադրերով ապահովմանը: Ներկայացնելով մարզային նորակառույց բժշկական հաստատությունները` նախարարը մատնանշել է օրեր առաջ Մեղրիում բացված տարածաշրջանային նշանակության բժշկական կենտրոնը, որը ևս նեղ մասնագետների պակաս ունի:

Նախարարի խոսքով, մասնագիտական գործունեության սկզբում հատկապես մարզում աշխատելը երիտասարդի կյանքում կարևոր հետք է թողնում` ապահովելով կայանալու, հմտությունները զարգացնելու հնարավորություն: Նա հորդորել է ուսանողներին հնարավորության դեպքում համադրել կրթությունն աշխատանքի հետ` վաղ տարիքից կլինիկական գործունեությանը, հիվանդանոցային կյանքին ծանոթանալու նպատակով:

«Բժիշկ լինելը հոգեվիճակ է և աշխատանքից պետք է ունենալ բավարարվածության զգացում»,- նկատել է առողջապահության նախարարը:

Արմեն Մուրադյանն ուսանողների մասնակցությամբ նաև ուսուցողական վիրահատություն է կատարել, ներկայացրել է միզապարկի ուռուցքի էնդոսկոպիկ լազերային վիրահատության նրբությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում