Հասարակական

Արմեն Մուրադյանն առաջարկում է ընդհանուր պայքար մղել քաղցկեղի դեմ

4 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն առաջարկում է ընդհանուր պայքար մղել քաղցկեղի դեմ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում համախմբել էր ոչ միայն ոլորտի բուժաշխատողներին, այլև հիվանդներին և հասարակական կազմակերպությունների, մասնագիտական միավորումների ներկայացուցիչներին: «Մենք կարող ենք, ես կարող եմ» խորագրով միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Օրը խորհրդանշում է, որ բոլորս պետք է ընդհանուր պայքար մղենք այս ծանր հիվանդության դեմ: Միասին հիվանդությունն առավել հաղթահարելի է»,- ընդգծել է նախարարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նա անդրադարձել է նաև հիվանդությունների առավել վաղ փուլերում հայտնաբերմանն ու ախտորոշմանն ուղղված 2015թ. մեկնարկած ծրագրերին` մասնավորապես սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015թ. սկզբից իրականցվող սկրինինգային ծրագրերին: Սկրինինգային ծրագրի շրջանակում հանրապետությունում 30-60 տարեկան բոլոր կանայքկարող են անցնել նաև պարանոցի նախաքաղցկեղային վիճակի հայտնաբերման և քաղցկեղի կանխարգելման անվճար հետազոտություն:

Արմեն Մուրադյանի գնահատմամբ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում վերջին շրջանում իրականացված աշխատանքները մեծ հեռանկարներ և զարգացման նոր ուղիներ են նախանշում, ինչը կնպաստի մեր երկրում հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավմանը:

Քաղցկեղի դեմ պայքարի գործում նախարարը մեծապես կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների աշխատանքը` որպես վառ օրինակ մատնանշելով, նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը գործուն աջակցությամբ Հայաստանում կարողացել է փրկել ավելի քան 500 երեխայի կյանք:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը նշել է, որ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը ոչ միայն առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնել առկա խնդիրները, այլև խոսել արձանագրված հաջողությունների մասին, շարունակել իրազեկման աշխատանքները:

Նա շեշտել է, որ տարիներ առաջ որդեգրած «Քաղցկեղը դատավճիռ չէ» կարգախոսն արդիական է նաև այսօր:

Տանանյանի խոսքով` կենտրոնը աշխատանքներ է իրականացնում հիվանդներին առավել որակյան բուժօգնության տրամադրման ուղղությամբ:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Խաչատրյանի անվան եռյակը, ինչպես նաև երգահան, «Օգնեմ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագան Էդգար Գյանջումյանը, ով ներկայացրել է նաև իր անձնական օրինակը, ապաքինվելու երկար և դժվարին ուղին: Էդգար Գյանջումյանը հաստատել է այն ճշմարտությունը, որ քաղցկեղը ոչ թե դատավճիռ է, այլ կյանքը նորովի վերաարժևորելու, վերաիմաստավորելու ժամանակահատված:

Անդրադարձ է կատարվել նաև Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի գործունեությանը:

Միջոցառումից հետո ՀՀ առողջապահության նախարարը ծանոթացել է Ճառագայթային ուռուցքաբանության և միջուկային բժշկության բաժանմունքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում